Հայաստանն ստացել է խաղաղության պայմանագրի հայկական առաջարկների պատասխանն Ադրբեջանից, ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Վերջին շփումներից հետո հայկական կողմն ադրբեջանական կողմին է փոխանցել խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի 5-րդ խմբագրումը և երեկ (սեպտեմբերի 12-ին) ստացել ենք ադրբեջանական կողմի առաջարկները»,- ասել է Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարը հավելել է, որ կա գործընթաց, կա քննարկում, սակայն դեռևս կան էական հարցեր, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռևս բավականին հեռու են միմյանցից։
Սեպտեմբերի 4-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը դեռ չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ ՀՀ նոր առաջարկներին։
Հունիսի 1-ին Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպումից հետո ԵԽ ղեկավար Շառլ Միշելը հայտարարել էր, որ մտադիր է կրկին հրավիրել նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին, կանցլեր Շոլցին և նախագահ Մակրոնին՝ Իսպանիայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպման շրջանակում։