ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժի հետ և արձանագրել է, որ երկու ամիս առաջ տեղի ունեցած իրենց հանդիպումից հետո իրավիճակն է՛լ ավելի է սրվել, հայտնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը։
Ժան-Լուի Բուրլանժը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը հայտնել է, որ եկել է Ֆրանսիայի աջակցությունը փոխանցելու Հայաստանին
«Եկել եմ Ֆրանսիայի աջակցությունը փոխանցելու Հայաստանին, միասին պայքարելու այն արժեքների համար, որի կրողն է ձեր երկիրը»,- նշել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ չնայած իր երկիրը շատ բան է անում Հայաստանի համար, բայց դա բավարար չէ ծայրահեղ լարված իրադրությունը շուտափույթ լուծելու տեսանկյունից:
Ջերմորեն ողջունելով հյուրին` Ալեն Սիմոնյանը նշել է, որ այս այցը հնարավորություն կընձեռի տեղում ծանոթանալու վերջին զարգացումներին: Այս համատեքստում քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերություններին և Լեռնային Ղարաբաղում տիրող իրադրությանն առնչվող մանրամասներ:
Ալեն Սիմոնյանը խնդրի կարգավորման հարցում շեշտել է քաղաքական և դիվանագիտական ջանքերի անհրաժեշտությունը` այս առումով բարձր գնահատելով, առաջին հերթին, Ֆրանսիայի նախաձեռնողականությունը և պաշտոնական Փարիզի քաղաքական աջակցությունը:
Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը նշել է, որ ակնկալում է ֆրանսիացի գործընկերների գործուն քայլերի շարունակականությունը՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը և դատապարտելու հումանիտար աղետը: Նա խոսել է նաև Ադրբեջանի հանդեպ միջազգային պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ֆրանսիայի ԱԺ պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: