Երևանում սեպտեմբերի 17-ին սպասվող ավագանու ընտրություններին ընդառաջ՝ Armenia Today-ը զրուցել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ և պարզել, թե ինչ կանխատեսումներ ունի նա նոր ավագանու հնարավոր կազմի մասին:
Հակոբյանի կարծիքնով՝ իրենց առջև հաղթանակի խնդիր են դրել ու կհաղթեն 4 քաղաքական ուժեր՝ դա «Քաղաքացիական պայմանագիր»-ն է (Տիգրան Ավինյան), «Ապրելու երկիր»-ը (Մանե Թանդիլյան), «Ազգային առաջընթաց»-ը (Հայկ Մարության) և «Մայր Հայաստան»-ը (Անդրանիկ Թևանյան):
«Հաղթանակի մի քանի ճանապարհ կա, մեկը 50+1 ձայնն է: Իմ կարծիքով դա որևէ ուժի համար խնդիր է ստանալը, սակայն հնարավոր է, որ որոշ ուժեր ավագանի անցնելուց հետո դաշինք կազմեն ու 50+1-ը հաղթահարեն համատեղ ուժերով»,- ասաց նա՝ հավելելով, որ այս 4 ուժը հնարավորություն ունի մտնել ավագանի, այսինքն՝ ոչ միայն շեմն անցնել, այլ ազդեցություն ունենալ հետագայում իշխանության ձևավորման վրա:
Թե՛ «Մայր Հայաստան»-ը, թե՛ «Ապրելու երկիր»-ը, թե՛ «Ազգային առաջընթաց»-ը հայտարարել են, որ ՔՊ-ի հետ երբևէ համագործակցության չեն գնա, հիշեցրեց Հակոբյանը, բայց սա նշանակում է, որ կարող են իրար հետ գնալ: «Այդ դեպքում ես չեմ բացառում, որ ընդդիմադիր ուժերը համատեղ ջանքերով կարող են իշխանություն ձևավորել Երևանում»,- նշեց նա:
Ըստ փորձագետի՝ իշխանության համար 50+1 տոկոս ձայն հավաքելը բարդ ու կատաստրոֆիկ է, քանի որ նրանց քողարկված և չքողարկված «սպոլլեր» կուսակցությունները կամ դաշնակիցները խնդիր ունեն անցողիկ շեմի հետ: Այսինքն իշխանությունը որևէ մեկի հետ կոալիցիա ձևավորելու տարբերակ կարծես թե չունի այն դեպքում, երբ ընդդիմությունը նման խնդիր չունի:
Ինչ վերաբերում է կուսակցությունների ծրագրերին, ապա, Հակոբյանի խոսքով, բոլորն էլ ունեն խելամիտ տարբերակներ, պարզ է, որ ընտրություններ են ու առանց պոպուլիզմի էլ չի լինի, կլինեն խոստումներ, որոնք երբևիցե չեն կատարվի:
«Այս առումով հետաքրքիր է «Ապրելու երկիր»-ի ծրագիրը, որտեղ կան և՛ լոկալ հարցեր, և՛ մեգանախագծեր, և՛ ամենակարևորը՝ դրանց տակ կա ֆինանսավորում, հաշվարկներ ու ժամկետներ»,- ասաց քաղտեխնոլոգը:
Նրա խոսքով՝ «ՔՊ»-ն հիմնականում կենտրոնացել է լոկալ խնդիրների վրա: Այսինքն այն, ինչ փորձում է խոստանալ քարոզարշավի ժամանակ, բխում է հենց քարոզարշավից: «Մտնում են բակ, ասում են՝ «Ասեք՝ կանենք»… օրինակ մոտենում ասում են կոյուղատարն այստեղ զոդեք՝ զոդում են, ասում են խողովակ ներկեք՝ ներկում են տեղում: Ձայն կորզելու համար, հատկապես որ այդ ռեսուրսն ունեն, կենտրոնացել են այս պահի խնդրի լուծման վրա»,- պարզաբանեց մասնագետը:
Նա հիշեցրեց, որ «Մայր Հայաստան»-ն ի սկզբանե հայտարարել է, որ իր խնդիրը երևանը չէ, այլ իշխանությունն ամբողջովին: Նրան հետաքրքրում է իշխանափոխության հարցը: Իսկ քաղաքային ընտրությունները զուտ առիթ են, որպեսզի կարողանան իրենց նպատակին հասնել: Թեպետ «Ապրելու երկիրն» էլ էր ասում, որ Երևանում իշխանազրկումը հերթական փուլն է վերջնականապես իշխանության գալու համար: «Տարբերությունն այն է, թե ինչ համաչափություն կա քաղաքայինի ու քաղաքականի մեջ»,- շեշտեց Հակոբյանը:
Իսկ «Ազգային առաջընթաց»-ը հիմնականում շեշտը դնում է քաղաքայինի վրա, շատ քիչ քաղաքական բնույթի հայտարարություն եմ լսել իրենցից, նկատեց քաղտեխնոլոգը: Հիմնականում ըստ նրա՝ հնչել են պատասխաններ իշխանությունների մեղադրանքներին: «Նրանք իշխանությունների հետ առանձին թեմա ունեն՝ ով է սա արել, հաշվի առնելով, որ նախկինում մեկ թիմ են եղել»,- ասաց մեր զրուցակիցը՝ պարզաբանելով, որ նախկինում կատարված ծրագրերը Մարությանը վերագրում է իրեն, ՔՊ-ն էլ պնդում է, թե քաղաքական թիմի շնորհքն է: «Ի՞նչ մտնես մատի ու մատանու արանքը»,- կատակեց Հակոբյանը:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններն են՝ «Հայաստանի եվրոպական կուսակցություն», «Ժողովրդավարական Համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց», «Հաղթանակ», «Ապրելու երկիր», «Հանրապետություն», «Միացյալ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Արդար Հայաստան» կուսակցություն։
Ավագանու ընտրություններին ընդառաջ Երևանում քարոզարշավ է սկսվել, որի արդյունքում կընտրվի քաղաքապետ։ Նախընտրական քարոզարշավը կտևի մինչև սեպտեմբերի 15-ը, իսկ ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 17-ին։
Արաքսյա Սնխչյան