Այս իշխանությունները ուղղակի մսխել են հեղափոխության դրական էներգետիկան, այս մասին երևանցիներին ուղղված եզրափակիչ ելույթում հայտարարել է Երևանի նախկին քաղաքապետ, ներկայիս քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը։
«Այս քարոզարշավը ցույց տվեց, որ ՔՊ-ն գործի է դրել հին իշխանությունների ամբողջ գործիքակազմը՝ նախընտրական ասֆալտապատումից սկսած, մինչև վարչական ռեսուրսի զանգվածային չարաշահումը։ Եկեք արձանագրենք, որ այս իշխանություններն ուղղակի մսխել են հեղափոխության դրական էներգետիկան։ Այսօր ես պետք է խնդրեմ ձեզ, որ ձեր սերը, ջերմությունը և աջակցության խոսքերը վերածենք գործողության։ Ես ձեզ խնդրում և հորդորում եմ սեպտեմբերի 17-ին գնացե՛ք ընտրատեղամաս և ընտրե՛ք քվեաթերթիկ համար 7-ը։ Թույլ չտաք ձեր փոխարեն որոշեն` որոշողը դուք եք»,- ասել է նա։
Օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 15-ը ժամկետով մեկնարկել է ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 17-ին։
ԿԸՀ-ն գրանցել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր 14 կուսակցություններին։ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններն են՝ «Հայաստանի եվրոպական կուսակցություն», «Ժողովրդավարական Համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց», «Հաղթանակ», «Ապրելու երկիր», «Հանրապետություն», «Միացյալ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Արդար Հայաստան» կուսակցություն։
Երևանի ավագանու վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին: Ավագանին իր լիազորությունները ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին: Վերջինիս լիազորությունները ժամկետը լրանում է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին: