Մենք էլ ժամանակ չունենք կապիկությունների վրա կորցնելու և արդարացումներ փնտրելու, Երևանում տեղի ունեցող «ՔՊ» խմբակցության հանրահավաքի ժամանակ հայտարարել է քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։
«Սիրելի երևանցիներ, սա ընդամենը սկիզբն է մեր հնգամյա ճանապարհի, որովհետև գալիք 5 տարում Երևան քաղաքում պետք է հիմնանորոգենք բոլոր մանկապարտեզները, պոլիկլինիկաները, մարզադպրոցները, երաժշտական դպրոցները, բարեկարգենք բոլոր բակերը, որովհետև մենք, մեր երեխաները, Երևան քաղաքն այս արագությանն ու տեմպին են արժանի։ Մենք էլ ժամանակ չունենք սպասելու, ժամանակ չունենք կապիկությունների վրա կորցնելու, մենք ժամանակ չունենք դերասանություններ անելու, ժամանակ չունենք արդարացումներ փնտրելու, մեղադրելու սրան-նրան, մենք ունենք ժամանակ միայն քրտնաջան աշխատելու, կանգնեցնելու, վերականգնելու Երևան քաղաքի բոլոր ենթակառուցվածքները, որովհետև մենք և մեր երեխաներն արժանի ենք դրան»,- ասել է նա։
Օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 15-ը ժամկետով մեկնարկել է ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 17-ին։
ԿԸՀ-ն գրանցել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր 14 կուսակցություններին։ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններն են՝ «Հայաստանի եվրոպական կուսակցություն», «Ժողովրդավարական Համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց», «Հաղթանակ», «Ապրելու երկիր», «Հանրապետություն», «Միացյալ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Արդար Հայաստան» կուսակցություն։
Երևանի ավագանու վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին: Ավագանին իր լիազորությունները ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին: Վերջինիս լիազորությունները ժամկետը լրանում է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին: