Երևանը Մոսկվային Հռոմի կանոնադրության վավերացմանը վերաբերող առաջարկներ է ուղարկել, TACC-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Ռուսաստանի Դաշնությանն առաջարկ է արվել այդ կապակցությամբ, տեղի է ունեցել, և կա գործընթաց։ Հասկանալի է, որ Հռոմի կանոնադրությունը վավերացվում է ոչ թե Ռուսաստանի Դաշնության դեմ, այլ Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանական կողմի կատարած պատերազմական հանցագործությունների պատճառով: Մեր ռուս գործընկերները քաջատեղյակ են այդ մասին։ Այդ գործերը պետք է միջազգային քրեական հետապնդման առարկա դառնան»,-հայտարարել է Մարուքյանը։
Սեպտեմբերի 13-ին ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն Հռոմի ստատուտը լիարժեք վավերացնելու է։ Նա նշել էր, որ դա որևէ կապ չունի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ։
Սեպտեմբերի 13-ին պաշտոնական Մոսկվան Երևանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը որակել էր որպես «ոչ բարեկամական գործողություն»։
Սեպտեմբերի 1-ին ՀՀ կառավարությունը Ազգային ժողով է ուղարկել ՄՔԴ Հռոմի կանոնադրության վավերացման նախագիծ։ Կանոնադրության նախագիծը խորհրդարան ուղարկելու կառավարության մտադրության մասին հուլիսի 22-ին հայտարարեց Արդարադատության նախարարության ղեկավար Գրիգոր Մինասյանը։ Մարտի 24-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը Հռոմի կանոնադրությունը ճանաչեց հանրապետության Սահմանադրությանը համապատասխան։ Ավելի վաղ ՄՔԴ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել։ Ռուս սենատորը կոչ է արել Հայաստանի խորհրդարանին գնահատել Հռոմի ստատուտին միանալու ռիսկերը։