Երևանի ավագանու ընտրության օրը ՄԻՊ հրամանով ստեղծված աշխատանքային խումբը ուսումնասիրել է լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի 1586 հրապարակում, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին Երևանի ավագանու ընտրության օրը՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 20:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 72 հեռախոսազանգ: ՄԻՊ մանդատին վերաբերելի 23 խնդիր Պաշտպանի աջակցությամբ ստացել է դրական լուծում», – ասվում է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Խնդիրները հիմնականում վերաբերել են տեղամասային կենտրոնների վերաբերյալ ծանուցված չլինելուն, այլ հասցեում հաշվառում ունենալուն, անձնագիր չունենալու, դրա վավերականության ժամկետը լրացած լինելու պարագայում այլ փաստաթղթով ընտրություններին մասնակցելու հնարավորությանը, Երևանում 6 ամսից պակաս հաշվառում չունենալու դեպքում ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկված լինելուն, քվեարկության կարգին և ընտրատեղամասի մատչելիությանը։