Երևանում ընտրելու իրավունք ունեցող 824 250 քաղաքացիներից մայրաքաղաքի ավագանու ընտրության քվեարկությանը մասնակցել է ընտրողների 28.46%-ը՝ 234 553 քաղաքացի, հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։
ԿԸՀ նախագահը հայտարարել է, որ ընտրությունների մասնակցության այս ցուցանիշը Երևանի համար ամենացածրն է։
«Մասնակցության այս ցուցանիշը Երևանի համար ամենացածրն է։ Ես նման ցածր ցուցանիշ չեմ հիշում։ Բայց ինչպես ընտրելը, չընտրելը ևս ընտրողների որոշումն է»,-ասել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Նա հայտնել է, որ այս ցուցանիշը նախնական է։
ԿԸՀ նախագահը ներկայացրել է նաև Երևանի վարչական շրջաններում արձանագրված մասնակցության ցուցանիշները։
Սեպտեմբերի 17-ին Երեւանում անցկացվում են ավագանու ընտրություններ։ Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 475 տեղամասեր, որոնք բացվել են առավոտյան ժամը 8.00-ին։ Երևան համայնքի ընտրողների թիվը 824250 է։
Ընտրություններին մասնակցում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (կուսակցական ցուցակը գլխավորում է Տիգրան Ավինյանը), «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (Հայկ Մարության), «Մայր Հայաստան» դաշինքը (Անդրանիկ Թեւանյան), «Հանրապետություն» կուսակցությունը (Արտակ Զեյնալյան), «Երկիր ցմահ» (Մանե Թանդիլյան), «Լուսավոր Հայաստան» (Դավիթ Խաժակյան), «Հայաստանի Եվրոպական կուսակցություն» (Տիգրան Խզմալյան), «Միացյալ Հայաստան» (Էրվանդ Թարվերդյան), «Ժողովրդավարական համախմբում» (Սուրեն Պետրոսյան), « Հանուն սոցիալական արդարության» (Արման Ղուկասյան), «Հայրենիքի զորություն» (Նելլի Հարությունյան), «Հաղթանակ» (Վիկտոր Մնացականյան), «Հանրային ձայն» (Արտակ Գալստյան) և «Արդար Հայաստան» (Նորայր Նորիկյան):
Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նշել էր, որ երեք կուսակցություն Երևանի ավագանու ընտրություններում հաղթելու իրական շանսեր ունի, բայց դժվար թե նրանցից որևէ մեկը հավաքի 50+1 ձայն։ Միաժամանակ նա չէր բացառել, որ որոշ ուժեր, որոնք կմտնեն ավագանի, կոալիցիա կկազմեն և դրանով իսկ կհաղթահարեն քաղաքային իշխանություն ձևավորելու և քաղաքապետ ընտրելու համար անհրաժեշտ 50+1 ձայնի շեմը։
Սեպտեմբերի 12-ից 13-ը MPG/Gallup International Association-ի կողմից 802 հարցվածների մասնակցությամբ Երևանում անցկացված հեռախոսային հարցման արդյունքների համաձայն՝ երևանցիների 27%-ը դեռ չէր կողմնորոշվել քաղաքի քաղաքապետի թեկնածուի հարցում։ Հարցվածների 22,5%-ն ասել էր, որ կքվեարկի Տիգրան Ավինյանի օգտին, 14,3%-ը՝ Հայկ Մարությանին, 7,8%-ը՝ Անդրանիկ Թևանյանին, 5,7%-ը՝ Մանե Թանդիլյանին, 6,7%-ը՝ Արտակ Գալստյանին, 5,2%-ը՝ Արտակ Զեյնալյանին։ 9,9%-ը դժվարացել է պատասխանել, 11,6%-ը հրաժարվել էր հարցին պատասխանել։
Օգոստոսի 23-ին մեկնարկել էր ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը տևեց մինչև սեպտեմբերի 15-ը։ Երևանի ավագանու վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին: Ավագանին իր լիազորությունները ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին: Ներկայիս լիազորությունների ժամկետը լրանում է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին:
Մանրամասն՝ տեսանյութում։