Armenia Today-ը քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ զրուցեց Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքների, հնարավոր կոալիցիաների և նոր ընտրությունների նշանակման մասին։
Նա հիշեցրեց, որ նախորդ հարցազրույցի ժամանակ կանխատեսել էր, որ 50+1 տոկոս ձայն հավաքելու իշխանությունների միակ հնարավորությունը ընտրողների քիչ ներկայացվածությունն է, որովհետև բոլոր ուսումնասիրությունները ցույց էին տալիս, որ իշխանությունը չունի այդ վարկանիշը։
«Նույնիսկ վարչական ռեսուրսը թույլ չէր տալիս դա։ Տեղի ունեցավ պատմականորեն ցածր մասնակցություն, և նույնիսկ այս պայմաններում օգտագործված վարչական ռեսուրսը, ոչ երևանաբնակներին Երևանում գրանցելը չբավարարեց, որ նման ցածր մասնակցության պայմաններում ապահովվեր 50+1 տոկոս ձայն»,- ասաց Հակոբյանը։
Սա, նրա կարծիքով, նշանակում է, որ Երևանում, որը «քաղաքական թրենդ ձևավորող քաղաք» է, այսօրվա գործող իշխանությունն այլևս ռեսուրս չունի իշխանությունը վերարտադրելու համար։
«Այս պասիվության պատճառով ստեղծվել էին բոլոր պայմանները, որպեսզի «ՔՊ»-ն վերցնի իշխանությունը, սակայն դա էլ չկարողացավ անել։ Իմ կարծիքով՝ «ՔՊ»-ն փորձել է վարչական ռեսուրսով ապահովել իր ձայները, սակայն նրանք, ովքեր խոստացել էին ապահովել այդ ձայները, չեն իրականացրել իրենց խոստումը։ Նրանք 300-350 հազար ընտրողի ակնկալիք են ունեցել և սպասել են, որ 120-150 հազար ձայն կստանան, սակայն ստացել են 75 հազարը։ Առնվազն կեսն «ասել են, բայց չեն արել», եթե իրենց լոզունգով խոսենք («Ասեք՝ կանենք»- խմբ․)»,- նկատեց փորձագետը։
Քաղտեխնոլոգն ասաց, որ այսօր ընդդիմությունն ունի կոալիցիա կազմելու հնարավորություն, բայց կգնա՞ դրան, թե՞ ո՝, չի կարող ասել, առայժմ միայն «Հանրային ձայն»-ն է պատրաստակամություն հայտնել, մյուս երկուսը դեռևս որևէ բան չեն ասել։ Բայց կան այլ տարբերակներ էլ, այդ թվում՝ օրենսդրական։
«Օրինակ, եթե ինչ-որ մեկը չի համաձայնվում և չի գնում կոալիցիայի նաև իշխանության հետ, ապա ըստ օրենքի՝ նոր ընտրություններ են նշանակվում։ Սովորաբար, երբ նոր ընտրություններ են, չհաղթած իշխանականներն է՛լ ավելի թուլացած են հանդես գալիս, քանի որ հասարակության մեջ և, ամենակարևորը, վարչական ապարատում արդեն տրամադրություններ են փոխվում։ Լուրջ կասկածներ են ծնվում, թե արդյո՞ք այս իշխանությունները գոյատևելու են հետագայում, վարչական ռեսուրսը ևս սկսում է չաշխատել»,- ընդգծեց Հակոբյանը։
Փորձագետը չի բացառում նաև անհատների ձայնը «գնելու, կորզելու» սցենարը։ Մանավանդ, որ համայնքներում նրանք նման փորձ ունեն, կարծում է մասնագետը։ «Ես կարծում եմ, որ երեք ուժերը կոալիցիա կազմելու դեպքում պետք է շատ ուշադիր զննեն, թե ինչքանով են անխոցելի ավագանի գնացող իրենց անդամները»,- ասաց Հակոբյանը։
Ըստ քաղտեխնոլոգի՝ նախ պետք է պաշտոնապես հայտարարվեն ընտրության արդյունքները, որից հետո նշանակվի առաջին նիստի օրը։ Առաջին նիստից հետո 2 շաբաթում պետք է որոշեն՝ կոալիցիա ձևավորելո՞ւ են իշխանականներն ու ընդդիմությունը, թե՞ ոչ։ Եթե ոչ, ապա նշանակվելու են նոր ընտրություններ։ Հակոբյանը համոզված չէ, որ նոր ընտրությունների համար անհրաժեշտ ֆինանսական, ֆիզիկական կամ այլ ռեսուրսներ հնարավորություն կունենան բոլոր ներկայացված ուժերը։
Ըստ նախնական տվյալների՝ Երևանի ավագանու մանդատները բաշխվում են հետևյալ կերպ՝ ՔՊ- 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»- 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինք- 12 մանդատ, «Հանրապետություն»- 8 մանդատ, իսկ «Հանրային ձայն»- 7 մանդատ։
Երևան համայնքի ընտրողների ռեգիստրում հաշվառված է 824 250 քաղաքացի, քվեարկությանը մասնակցել է 234 553 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 28.46%-ը։
Ավագանու ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժերից 5-ը հաղթահարել են կուսակցությունների համար նվազագույն 4% և դաշինքների համար 6% շեմը: Դրանք են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Տիգրան Ավինյանը) հավաքել է 32,57 տոկոս կամ 75,463 ձայն: «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Հայկ Մարությանը) հավաքել է 18,89 տոկոս կամ 43,765 ձայն: «Մայր Հայաստան» դաշինքը (ցուցակը գլխավորում է Անդրանիկ Թևանյանը) հավաքել է 15,43 տոկոս կամ 35,739 ձայն: «Հանրապետություն» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Արտակ Զեյնալյան) ստացել է 11,32 տոկոս կամ 26,236 ձայն, «Հանրային ձայն» կուսակցություն-9,68% (ցուցակը գլխավորում է Արտակ Գալստյանը):
Արաքսյա Սնխչյան