Նյու Յորքում կայացող ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում այս պահին օրակարգում չկա, Armenia Today-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«ՄԱԿ ԳԱ շրջանակներում Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև երկկողմ հանդիպում այս պահին օրակարգում չկա: Մյուս բոլոր հանդիպումների մասին կտեղեկացնենք»,- ասաց նա:
Սեպտեմբերի 18-ին ՄԱԿ ԳԱ շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի և Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ:
ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանը կողմերի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր, շեշտել է Ադրբեջանի կողմից 9 ամսից ավել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, 120 հազար բնակչության բոլոր հիմնարար իրավունքների խախտումները, ընդգծել է Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքով երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժի վերականգնման հրատապությունը:
Կարևորելով մինչ օրս ԵՄ և իր անդամ պետությունների կողմից հնչած հասցեական ուղերձները՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճի դադարեցմանն ուղղված հստակ քայլերի անհրաժեշտությունը, ինչպես նաև կարևորել է ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի ակտիվ կյանքի կոչումը, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը, որի կազմում Էստոնիան ունի անմիջական մասնակցություն:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի էր ունեցել հուլիսի 25-ին՝ Մոսկվայում։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքները և, մասնավորապես, հայտարարել, որ Երևանն ու Բաքուն պատրաստակամություն են հայտնել երաշխիքներ տրամադրել Հայաստանում և Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման համար։ Լավրովը հայտարարել էր նաև այս տարի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների գագաթնաժողով անցկացնելու մտադրության մասին։