«Մայր Հայաստան» դաշինքից Երևանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ ՔՊ-ն պատրաստվում է վերահաշվարկ իրականացնել և կոչ է արել պատրաստվել զանգվածային ընդվզման։
«Իշխանությունները շատ ծանր են տարել իրենց պարտությունը Երևանի ավագանու ընտրություններում և պատրաստվում են շատ կեղտոտ օպերացիայի: Ինձ հասած տեղեկություններով վաղը բոլոր տեղամասային տարածքներում վերահաշվարկ են ուզում իրականացնել և այն մի քանի 100-200 ձայնի տարբերությունը, որով իրենք պարտվել են, ուզում են կեղծել և այդ մեկ մանդատը խլել ժողովրդից»,- ասել է նա։
Թևանյանը նշել է, որ եթե ՔՊ-ում որոշեն իրենց օգտին վերանայել ընտրությանն արդյունքերը, ապա ինքը կոչ է անելու բոլորին դուրս գալ փողոց և տեր կանգնել ժողովրդի քվեին։
«Եթե վաղը, հանկարծ, նիկոլենք որոշեն իրենց օգտին վերանայել ընտրության արդյունքները և գողանալ ժողովրդից այն մեկ մանդատը, որի տարբերությամբ իրենք փոքրամասնություն են դարձել, ես անձամբ կոչ եմ անելու բոլորին՝ առաջին հերթին նրանց, ովքեր չեն մասնակցել ընտրությանը, դուրս գալ փողոց և տեր կանգնել ժողովրդի քվեին: Ես կոչ եմ անում բոլոր քաղաքական, հասարակական շրջանակներին վաղը լինել պատրաստ՝ դուրս գալու փողոց»,- նշել է Թևանյանը։
Նա հայտարարել է, որ իրենք վստահված անձինք կուղարկեն հաշվարկներին և կոչ է արել ՔՊ-ին կեղծարարություն չիրականացնել։
Սեպտեմբերի 18-ին «Ազգային առաջընթաց» կուսակցության առաջնորդ Հայկ Մարությանն ավագանի անցած կուսակցություններին առաջարկել է Երևանի քաղաքապետի ընտրություններում կողմ քվեարկել իր թեկնածությանը, ինչին ի պատասխան «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանն առաջարկել է ստորագրել փաստաթուղթ և վերահսկողության ապարատը ժամանակավորապես տալ իրեն։
«Ազգային առաջընթաց» կուսակցության երկրորդ համար Հայկ Գրիգորյանը բացառել էր «Մայր Հայաստան» և «Հանրային ձայն» կուսակցությունների հետ կոալիցիա կազմելը։ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտարարել էր, թե որ դեպքում կոալիցիա կկազմեն «Ազգային առաջընթաց» և «Հանրային ձայն» կուսակցությունների հետ, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռևս քննարկում չի ունեցել ընտրություններում անցողիկ շեմն անցած քաղաքական ուժերի հետ համագործակցության հետ կապված հարցով։
Ըստ նախնական տվյալների՝ Երևանի ավագանու մանդատները բաշխվում են հետևյալ կերպ՝ ՔՊ- 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ, «Հանրապետություն»՝ 8 մանդատ, իսկ «Հանրային ձայն»՝ 7 մանդատ։
Երևան համայնքի ընտրողների ռեգիստրում հաշվառված 824 250 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 234 553 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 28.46%-ը։
Ավագանու ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժերից 5-ը հաղթահարել է կուսակցությունների համար նվազագույն 4% և դաշինքների համար 6% շեմը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Տիգրան Ավինյանը) հավաքել է 32,57 տոկոս կամ 75,463 ձայն: «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Հայկ Մարությանը) հավաքել է 18,89 տոկոս կամ 43,765 ձայն: «Մայր Հայաստան» դաշինքը (ցուցակը գլխավորում է Անդրանիկ Թևանյանը) հավաքել է 15,43 տոկոս կամ 35,739 ձայն: «Հանրապետություն» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Արտակ Զեյնալյան) ստացել է 11,32 տոկոս կամ 26,236 ձայն, «Հանրային ձայն» կուսակցություն-9,68% (ցուցակը գլխավորում է Արտակ Գալստյանը):