Երևանի ավագանու ընտրություններից հետո ՔՊ վարչության նիստը երեկ շատ թեժ է անցել. ՔՊ-ականները փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, փորձել են մեղավորներ գտնել ավագանու ընտրությունների ձախողման համար, գրել է «Ժողովուրդը»:
Թերթի աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ականներն ավագանու ընտրությունները մեծ հարված են համարում իրենց վարկանիշին, քանի որ «50+»-ի ակնկալիքներ են ունեցել: Այս իրավիճակից որպես ելք դիտարկում են կոալիցիայի կազմումը, իսկ նրանց հույսն այս պահին Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունն է, քանի որ անցողիկ շեմը հաղթահարած միակ ուժն է, որ կոալիցիա կկազմի իշխող ուժի հետ:
«ՔՊ-ականները հույս ունեն, որ այսկերպ գոնե կկարողանան իրենց թեկնածուին քաղաքապետ ընտրել, եթե անցած մյուս ուժերից կարողանան ավագանու 2 անդամ «պոկել»: Վարչության նիստից հետո ՔՊ-ականներին հասկացրել են, որ կատարվածը դաս պետք է լինի իրենց համար, ու այսուհետ ամեն բան այլ է լինելու»,- ասված է հրապարակման մեջ։
Ըստ նախնական տվյալների՝ Երևանի ավագանու մանդատները բաշխվում են հետևյալ կերպ՝ ՔՊ- 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ, «Հանրապետություն»՝ 8 մանդատ, իսկ «Հանրային ձայն»՝ 7 մանդատ։
Երևան համայնքի ընտրողների ռեգիստրում հաշվառված 824 250 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 234 553 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 28.46%-ը։
Ավագանու ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժերից 5-ը հաղթահարել է կուսակցությունների համար նվազագույն 4% և դաշինքների համար 6% շեմը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Տիգրան Ավինյանը) հավաքել է 32,57 տոկոս կամ 75,463 ձայն: «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Հայկ Մարությանը) հավաքել է 18,89 տոկոս կամ 43,765 ձայն: «Մայր Հայաստան» դաշինքը (ցուցակը գլխավորում է Անդրանիկ Թևանյանը) հավաքել է 15,43 տոկոս կամ 35,739 ձայն: «Հանրապետություն» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Արտակ Զեյնալյան) ստացել է 11,32 տոկոս կամ 26,236 ձայն, «Հանրային ձայն» կուսակցություն-9,68% (ցուցակը գլխավորում է Արտակ Գալստյանը):