Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում չի ստացել, նման դիմումներ ներկայացնելու ժամկետը սահմանված է եղել մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 18։00-ն։
Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփելու է սեպտեմբերի 24-ին, ժամը 15։00-ին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ամփոփել են 78 տեղամասերում իրականացված վերահաշվարկի արդյունքները։
Սեպտեմբերի 17-ին մայրաքաղաք Երևանում տեղի են ունեցել ավագանու 2023 թվականի ընտրություններ։ Ըստ նախնական տվյալների՝ Երևանի ավագանու մանդատները բաշխվում են հետևյալ կերպ՝ ՔՊ- 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ, «Հանրապետություն»՝ 8 մանդատ, իսկ «Հանրային ձայն»՝ 7 մանդատ։
Երևան համայնքի ընտրողների ռեգիստրում հաշվառված 824 250 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 234 553 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 28.46%-ը։
Ավագանու ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժերից 5-ը հաղթահարել է կուսակցությունների համար նվազագույն 4% և դաշինքների համար 6% շեմը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Տիգրան Ավինյանը) հավաքել է 32,57 տոկոս կամ 75,463 ձայն: «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Հայկ Մարությանը) հավաքել է 18,89 տոկոս կամ 43,765 ձայն: «Մայր Հայաստան» դաշինքը (ցուցակը գլխավորում է Անդրանիկ Թևանյանը) հավաքել է 15,43 տոկոս կամ 35,739 ձայն: «Հանրապետություն» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Արտակ Զեյնալյան) ստացել է 11,32 տոկոս կամ 26,236 ձայն, «Հանրային ձայն» կուսակցություն-9,68% (ցուցակը գլխավորում է Արտակ Գալստյանը):