ՀՀ ԱԳ նախարարությունը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները Ռուբեն Վարդանյանի վերադարձն ապահովելու համար, Armenia Today-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«ՀՀ ԱԳ նախարարությունը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը և նրա վերադարձն ապահովելու համար: Այս առումով ակնկալում ենք նաև Ռուսաստանի Դաշնության և այլ միջազգային գործընկերների աջակցությունը»,- ասել է նա:
Բադալյանը նշել է, որ ՀՀ ԱԳ նախարարությունը բազմիցս շեշտել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան անձանց տեղաշարժի անարգել ապահովման հրամայականը։
Ավելի վաղ Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին կալանավորելու մասին։ Հայաստանի կառավարությունը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կապված նրա գերության հետ և պահանջել տեղեկություններ Վարդանյանի կարգավիճակի, կալանքի պայմանների և առողջության մասին։