«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել՝ պատրաստակամություն հայտնելով իր քվեն տալ «Ազգային առաջընթաց» կուսակցության ղեկավար Հայկ Մարությանին։
«Վերահաստատում ենք նախկինում հնչեցրած մեր դիրքորոշումը՝ «Քաղաքացիական պայմանագրին» Երևանում իշխանազրկման համար պատրաստ ենք աջակցել քաղաքապետի այն թեկնածուին, որը կհայտարարի, որ կիսում է Հայաստանում ամբողջական իշխանափոխություն իրականացնելու մեր դիրքորոշումը: «Ազգային առաջընթաց» կուսակցությունը որպես քաղաքապետի թեկնածու է առաջադրել Հայկ Մարությանին, ով հրապարակավ ընդունել է «Մայր Հայաստանի» դիրքորոշումն ամբողջական իշխանափոխության անհրաժեշտության մասին: Եթե ոչ իշխանական դաշտում հաստատվի կոնսենսուս, ապա «Մայր Հայաստան» դաշինքն իր մանդատներով կնպաստի Երևանում «Քաղաքացիական պայմանագրի» իշխանազրկման գործընթացին և կօգնի ոչ իշխանական դաշտից նոր քաղաքապետի նշանակմանը՝ իր քվեն տալով «Ազգային առաջընթացի» ներկայացրած քաղաքապետի թեկնածուին՝ Հայկ Մարությանին»,- ասված է հայտարարության մեջ:
Իր հերթին «Ազգային առաջընթաց» կուսակցության ղեկավար Հայկ Մարությանը հայտարարել էր, որ ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքը հրապարակավ հայտարարել է, որ ուզում են իրենց քաղաքական ուժից լսել, որ կողմ են ամբողջական իշխանափոխության:
«Մենք բազմիցս դա հայտարարել ենք, որ մեր քաղաքական ուժը կարծում է, որ ՀՀ-ում պետք է լինի ընդհանուր իշխանափոխություն: Այսինքն այս իրավիճակում «Մայր Հայաստան» դաշինքը, փաստացի պատրաստ է մեզ աջակցելու»,- ասել էր Մարությանը:
Սեպտեմբերի 17-ին մայրաքաղաք Երևանում տեղի էին ունեցել ավագանու 2023 թվականի ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի արտահերթ նիստում ամփոփել էր Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները՝ համաձայն որոնց անցողիկ շեմը հաղթահարել են հետևյալ ուժերը՝ ՔՊ- 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ, «Հանրապետություն»՝ 8 մանդատ, իսկ «Հանրային ձայն»՝ 7 մանդատ։