Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների, հայտարարել է «Ազգային առաջընթաց» կուսակցության նախագահ Հայկ Մարությանը։
Նա նշել է, որ ԿԸՀ-ի կողմից ավագանու նոր կազմը հաստատելուց հետո, «Հանրային ձայն» կուսակցությունը ստացել է 7 մանդատ ավագանիում, սակայն նրանցի երկուսը` Արտակ Գալստյանը և Տիգրան Ուրիխանյանը չեն կարողանա մասնակցել խորհրդի առաջին նիստին, քանի որ Գալստյանը կալանավորված է, իսկ Ուրիխանյանը հետախուզման մեջ է։
Մարությանի խոսքով՝ նա մամուլից տեղեկացել է նաև «Մայր Հայաստան» դաշինքի հայտարարության մասին՝ համաձայն որի նրանք չեն մասնակցի նիստին, որպեսզի քվորում չապահովեն և գնան նոր ընտրությունների:
«Այստեղ միայն մնում է «Հանրային ձայն» կուսակցության դիրքորոշումը: Եթե այս կուսակցությունը նույնիսկ մեկ հոգով գնա և ներկա գտնվի նիստին, կարող է ոչ մեկին չքվեարկել, ձեռնպահ լինել և այլն, ապա նիստը կկայանա և կընտրվի իշխանական թեկնածուն։ Եթե «Հանրային ձայն»-ը չի գնում նիստին, նիստը չի կայանա և իշխանությունը չի վերարտադրվի: Սա այն երկու տարբերակն է, որն ունի է «Հանրային ձայն» կուսակցութունը, որոշումն իրենք կկայացնեն»,- հավելել է Մարությանը։
Սեպտեմբերի 17-ին մայրաքաղաք Երևանում տեղի էին ունեցել ավագանու 2023 թվականի ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի արտահերթ նիստում ամփոփել էր Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները՝ համաձայն որոնց անցողիկ շեմը հաղթահարել էին հետևյալ ուժերը՝ ՔՊ- 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ, «Հանրապետություն»՝ 8 մանդատ, իսկ «Հանրային ձայն»՝ 7 մանդատ։