Դիվանագիտությունը տրված չէ թշնամիներ վաստակելու, այլ տրված է բարեկամներ ձեռք բերելու համար։ ՀԱՊԿ-ին անդամակցությունը դադարեցնելու մասին հայկական 15 ՀԿ-ների հայտարարությունն այսպես է մեկնաբանել քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։
Armenia Today-ի հետ զրույցում նա ասաց, որ անընդհատ թշնամիներ վաստակելով՝ անվերջ վնասներ ենք կրելու, ինչը հեռատես դիվանագիտական պահվածք չէ։
«Ամեն ինչ այնքան պարզ է։ Այդ 15 ՀԿ-ները ունե՞ն գիտական, վերլուծական կենտրոններ, թե՞ փողոցներով ման են գալիս, որ հետո ինչ-որ բաներ հայտարարեն։ Նրանք խոսում են վերլուծական կենտրոնի աշխատանքների արդյունքի՞ մասին։ Դա մերկապարանոց մի առաջա՞րկ է, թե՞ վերլուծական աշխատանք, որից բխում է, որ պետք է այդպես անել։ Գիտությունն ինչի՞ համար է»,- ասաց Մանասյանը՝ հավելելով, որ դիվանագիտությունը չի սիրում հույզեր, այլ սիրում է սառը միտք։
Ըստ փորձագետի՝ Ռուսաստանի ու Հայաստանի միջև ստեղծված լարվածությունը մեղմելու համար հանրության տիրապետած տեղեկատվությունը շատ քիչ է։
«Դիվանագիտական շատ գործընթացներ փակ դռների հետևում են և կոնկրետ ես չգիտեմ՝ ինչպես է ներկայացվում այնտեղ խնդիրը։ Ոչ ոք, օրինակ, չգիտի, թե ինչ է Պուտինն առաջարկել Փաշինյանին 2020 թվականի նոյեմբերին, որից նա հրաժարվել է։
Օրինակ՝ մեզանում տարածված կարծիք կա, որ ԼՂ-ն պատկանում է Ադրբեջանի Հանրապետությանը՝ միջազգային իրավունքի տեսանկյունից։ Ասում են՝ Բորելն է ասել, Պուտինն է ասել․․․ասելով չէ՛։ Բերե՛ք իրավական հիմնավորումը, ասեք, այսինչ պայմանագրի հիման վրա է ԼՂ-ն պատկանում Խորհրդային Միությանն ու այսօրվա Ադրբեջանի Հանրապետությանը։ Ցույց տվեք այդ փաստաթուղթը»,- ասաց Մանասյանը՝ վստահեցնելով, որ այդպիսի փաստաթուղթ ուղղակի գոյություն չունի։
Իսկ որ ինքնիշխան տարածքները պետք է սահմանվեն 1975թ քարտեզների հիման վրա, հակադարձեց՝ «պայմանագիր է պետք, քարտեզը նկար է, ով ոնց ուզի՝ կնկարի»։
Մանասյանի խոսքով՝ եթե բանակցություններ վարողը պայմանագիր պահանջելու, իրավական հիմքեր ստանալու շնորհք չունի, ապա գոնե քարոզչական ճակատում պետք է ասի այս ամենը, սակայն քարոզչականում վերևից ներքև կարծում են, որ ԼՂ-ն պատկանում է Ադրբեջանին, քանի որ 70 տարի առաջ են բերել Կովբյուրոյի հուլիսի 5-ի փաստաթուղթը (1921թ․), որը ո՛չ քննարկվել է, ո՛չ քվեարկվել, այն չի ընդունվել։ Այսինքն՝ հղում է կատարվում չընդունված որոշմանը։
Նշենք, որ Հայաստանում գործող 15 հասարակական կազմակերպություն հայտարարություն է տարածել, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունից մինչ օրս բազմաթիվ դեպքերում ինչպես Արցախում գտնվող խաղաղապահ ուժերը, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունը՝ ընդհանուր առմամբ, ապացուցել են, որ չեն իրականացնում իրենց ստանձնած պայմանագրային և ռազմաքաղաքական պարտավորությունները, ու Հայաստանի և Արցախի հաշվին հետևողականորեն սպասարկում են Ադրբեջանի շահերը: Այդ հիմնավորմամբ ՀԿ-ները առաջարկել են լքել ՀԱՊԿ-ը, Գյումրիի 102-րդ ռազմաբազան դուրս բերել ՀՀ-ից, դադարեցնել ռուսական հեռուստաեթերի վերահեռարձակումը Հայաստանում։