ՀՀ Ազգային ժողովը քննարկում է 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու նախագիծը։ Խորհրդարանական ընդդիմությունը հրաժարվեց մասնակցել նախագծի քննարկմանը՝ դուրս գալով ԱԺ դահլիճից։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրեց նախագիծը՝ նշելով, թե կանոնադրության վավերացման դեպքում ինչ հնարավորություններ կունենա Հայաստանի համար։
Անդրադառնալով Ադրբեջանի ռազմական հանցագործություններին՝ այդ համատեքստում նա շեշտեց․ «Հուսով ենք՝ Հռոմի կանոնադրությունը վավերացնելը կանխարգելիչ քայլ կլինի ՀՀ տարածքում պատերազմական ծանր հանցագործությունների համար»։
Սեպտեմբերի 28-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովն իր նիստում դրական եզրակացություն էր տվել ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու մասին օրինագծին և այն ուղարկել էր խորհրդարան։ Երևանը հայտարարել էր, որ այս քայլն ուղղված չէ Ռուսաստանի Դաշնության դեմ, այլ ուղղված է քրեական հետապնդում իրականացնելու ռազմական հանցագործություն կատարած ադրբեջանցիների նկատմամբ։
Սեպտեմբերի 13-ին ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն Հռոմի ստատուտը լիարժեք վավերացնելու է։ Նա նշել էր, որ դա որևէ կապ չունի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ։ Սեպտեմբերի 13-ին պաշտոնական Մոսկվան Երևանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը որակել էր որպես «ոչ բարեկամական գործողություն»։
Սեպտեմբերի 1-ին ՀՀ կառավարությունը Ազգային ժողով էր ուղարկել ՄՔԴ Հռոմի կանոնադրության վավերացման նախագիծ։ Կանոնադրության նախագիծը խորհրդարան ուղարկելու կառավարության մտադրության մասին հուլիսի 22-ին հայտարարել էր Արդարադատության նախարարության ղեկավար Գրիգոր Մինասյանը։
Մարտի 24-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը Հռոմի կանոնադրությունը ճանաչել էր Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան։ Ավելի վաղ ՄՔԴ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել։ ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահ, համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը կոչ էր արել Հայաստանի խորհրդարանին գնահատել Հռոմի ստատուտին միանալու ռիսկերը։
Մանրամասները՝ տեսանյութում։