ՀՀ Ազգային ժողովը 60 կողմ, 22 դեմ և 0 ձեռնպահ ձայներով վավերացրել է Հռոմի կանոնադրությունը։
Քվեարկությանը մասնակցել է միայն իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեմ են քվեարկել նախագծին։
Սեպտեմբերի 28-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովն իր նիստում դրական եզրակացություն էր տվել ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու մասին օրինագծին և այն ուղարկել էր խորհրդարան։ Երևանը հայտարարել էր, որ այս քայլն ուղղված չէ Ռուսաստանի Դաշնության դեմ, այլ ուղղված է քրեական հետապնդում իրականացնելու ռազմական հանցագործություն կատարած ադրբեջանցիների նկատմամբ։
Սեպտեմբերի 13-ին ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն Հռոմի ստատուտը լիարժեք վավերացնելու է։ Նա նշել էր, որ դա որևէ կապ չունի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ։ Սեպտեմբերի 13-ին պաշտոնական Մոսկվան Երևանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը որակել էր որպես «ոչ բարեկամական գործողություն»։
Սեպտեմբերի 1-ին ՀՀ կառավարությունը Ազգային ժողով էր ուղարկել ՄՔԴ Հռոմի կանոնադրության վավերացման նախագիծ։ Կանոնադրության նախագիծը խորհրդարան ուղարկելու կառավարության մտադրության մասին հուլիսի 22-ին հայտարարել էր Արդարադատության նախարարության ղեկավար Գրիգոր Մինասյանը։
Մարտի 24-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը Հռոմի կանոնադրությունը ճանաչել էր Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան։ Ավելի վաղ ՄՔԴ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել։ ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահ, համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը կոչ էր արել Հայաստանի խորհրդարանին գնահատել Հռոմի ստատուտին միանալու ռիսկերը։