Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի սահմաններ դիտորդներ ուղարկելու Իրանի պատրաստակամության մասին, հայտնում են իրանական լրատվամիջոցները։
«Որևէ երկրի ռազմական և պաշտպանական ներուժի ավելացումը չպետք է լինի հարձակողական նպատակներով»,- նշել է նա և ընդգծել Երևանի և Բաքվի միջև լարվածությունը վերացնելու անհրաժեշտությունը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով՝ վերջին տվյալներով՝ կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ Արցախից բռնի տեղահանվել ու Հայաստան է տեղափոխվել 100 625, հաշվառվել է 95 %-ը։
Սեպտեմբերի 25-ին Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին հայտնել էր, որ Ստեփանակերտի հարակից տարածքում գտնվող բենզինի պահեստում, որտեղից բենզին էին տրամադրում սեփական մեքենանաներով Արցախից հեռացող քաղաքացիներին, պայթյուն է տեղի ունեցել։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ի տվյալներով, փրկարարները աղետի տարածքից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: