Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանն Armenia Today-ի հետ զրույցում հերքեց իր հորեղբայր Սարգիս Գալստյանի՝ Ստեփանակերտի պարետ նշանակվելու մասին տեղեկությունը:
«Երբ ես վերջին անգամ տեսել եմ իրեն, դա եղել է սեպտեմբերի 28-ը, նման տեղեկություն չի եղել: Երբ հարցը գնացել է նրան թե ինչու դուրս չի գալիս, նա պատասխանել է, որ մինչև վերջին հայը դուրս չգա, ինքը մնալու է: Իր ընտանիքի հետ ես կապի մեջ եմ: Նման տեղեկությունը ո՛չ կարող եմ հերքել, ո՛չ հաստատել»,- ասաց Գալստյանը՝ նշելով, որ որևէ ապացուցող փաստաթուղթ չկա: Փոխարենը, Գալստյանի խոսքով, ինքը տեսել է սեպտեբերի 28-ին հորեղբորը Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ նշանակելը հաստատող փաստաթուղթը:
Գալստյանի խոսքով՝ չի կարելի մեկ մարդու հայտարարության հիման վրա տարածել նման անհիմն տեղեկություն: «Դա շեղում է Արցախի տեղահանված քաղաքացիների բուն խնդիրներից: Որոշ շրջանակներ քաղաքական դիվիդենտներ շահելու համար այդ հարցը քաղաքականացնում են, կապում ինձ հետ»,- նշեց Գալստյանը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությամբ՝ Սարգիս Գալստյանին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմը նշանակել է Ստեփանակերտի պարետ: