Գրանադայում պետք է շրջադարձային փաստաթուղթ ստորագրվեր, բայց Ալիևի հետ հանդիպումը չեղարկվել է, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա տեղեկացրեց, որ Գրանադա այցը չի չեղարկվել, մեկնելու է ինքը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Այն, որ Ալիևի հետ նախատեսված հանդիպումը չի կայանա՝ դրանում Հայաստանը մեղավոր չէ:
«Ասեմ, որ շատ կառուցողական ու լավատես էինք տրամադրված, որովհետև կարծում էինք, որ շրջադարձային նշանակության փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն կա»,- ասաց նա:
Փաշինյանը հայտնեց, որ ունենալու ենք հանդիպումներ ու փորձելու են ավելի դետալացված հայտնել դիրքորոշումները:
«Հույս ունենք, որ այն հայեցակարգային փաստաթուղթը, որը դրված է սեղանին, հարմար պահի կստորագրվի, ես պատրաստ եմ այն ստորագրել ու ցավում եմ շատ, որ վաղը առիթ չեմ ունենալու հայտարարելու, որ շատ կարևոր այդ որոշումը կայացվեց»,- նշեց Փաշինյանը:
Նշենք, որ Ալիևը Երևան-Փարիզ պայմանագրի պատճառով չի մեկնի Գրանադա Փաշինյանի հետ հանդիպման:
Սեպտեմբերի 24-ին հայտնել էինք, որ հոկտեմբերի 5-ին Գրանադայում կհանդիպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։