Դաշնային կանցլեր Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում հայտարարել է ռազմական ուժի կիրառումը մերժելու մասին, տեղեկանում ենք Գերմանիայի Դաշնային կառավարության մամուլի և տեղեկատվության գրասենյակից։
«Գերմանիայի կանցլերն իր անհամաձայնությունն է հայտնել ռազմական ուժի կիրառման հետ կապված։ Նա ընդգծել է, որ դաշնային կառավարությունը հանդես է գալիս բանակցությունների միջոցով Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության օգտին և հարաբերությունների կարգավորման օգտին՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»,-ասված է հաղորդագրության մեջ։
Գերմանիայի կանցլերն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի և դրա զարգացման նկատմամբ առավելագույն թափանցիկության կարևորությունը: Հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի առաքելության կողմից Լեռնային Ղարաբաղ այցելությունը Շոլցը «դրական քայլ է որակել, որը պետք է օգտագործել այդ ուղղությամբ հետագա աշխատանքի համար»։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով՝ վերջին տվյալներով՝ կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ Արցախից բռնի տեղահանվել ու Հայաստան է տեղափոխվել 100 514 անձ, հաշվառվել է 85 975 անձ (86%-ը)։
Սեպտեմբերի 25-ին Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին հայտնել էր, որ Ստեփանակերտի հարակից տարածքում գտնվող բենզինի պահեստում, որտեղից բենզին էին տրամադրում սեփական մեքենանաներով Արցախից հեռացող քաղաքացիներին, պայթյուն է տեղի ունեցել։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ի տվյալներով, փրկարարները աղետի տարածքից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: