Բաքուն պատրաստակամություն է հայտնել բանակցել Երևանի և ԵՄ-ի հետ՝ եռակողմ ձևաչափով, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին։
«Ադրբեջանն աջակցում է բրյուսելյան եռակողմ գործընթացին և տարածաշրջանային խաղաղության օրակարգին՝ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ»,-հայտարարել է Հաջիևը։
Հոկտեմբերի 4-ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Գրանադայում պետք է շրջադարձային փաստաթուղթ ստորագրվեր, բայց Ալիևի հետ հանդիպումը չեղարկվել է։
Հոկտեմբերի 4-ին հայտնի էր դարձել, որ Ալիևը Երևան-Փարիզ պայմանագրի պատճառով չի մեկնի Գրանադա՝ Փաշինյանի հետ հանդիպման: Սեպտեմբերի 24-ին հայտնել էինք, որ հոկտեմբերի 5-ին Գրանադայում կհանդիպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով՝ վերջին տվյալներով՝ կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ Արցախից բռնի տեղահանվել ու Հայաստան է տեղափոխվել 100 514 անձ, հաշվառվել է 85 975 անձ (86%-ը)։
Սեպտեմբերի 25-ին Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին հայտնել էր, որ Ստեփանակերտի հարակից տարածքում գտնվող բենզինի պահեստում, որտեղից բենզին էին տրամադրում սեփական մեքենանաներով Արցախից հեռացող քաղաքացիներին, պայթյուն է տեղի ունեցել։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ի տվյալներով, փրկարարները աղետի տարածքից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: