Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Դա տեղի է ունեցել Իսպանիայի Գրանադա քաղաքում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։ Հանդիպման մասին հայտարարել է անձամբ Զելենսկին։
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առաջին հանդիպման ժամանակ մենք կենտրոնացել ենք Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի վրա։ Ուկրաինան շահագրգռված է տարածաշրջանի կայունությամբ և իր ժողովուրդների հետ բարեկամական հարաբերություններով։ Մենք նաև քննարկել ենք մեր երկկողմ համագործակցությունը և միջտարածաշրջանային տնտեսական նախագծերը»,- գրել է Զելենսկին X-ում։
Փաշինյանը չի մեկնաբանել Զելենսկու հետ հանդիպումը՝ ասելով միայն, որ նա «կարճ զրույցներ» է ունեցել միջազգային գործընկերների հետ։
Սեպտեմբերի 6-ին Հայաստանի վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի սկսվելուց հետո առաջին անգամ մեկնել էր Կիև, որտեղ մասնակցել էր Առաջին տիկնանց և ամուսինների երրորդ գագաթնաժողովին։ Հակոբյանը նշել էր, որ գագաթնաժողովում բարձրացրել է Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղում երեխաների իրավունքների ոտնահարման հարցը։
Հակոբյանը սեպտեմբերի 7-ին Ուկրաինայի կրթության և գիտության նախարարությանը նվիրաբերել էր ավելի քան 1000 սմարթֆոն, պլանշետ և նոթբուք՝ որպես մարդասիրական օգնություն։