Նիկոլ Փաշինյանի քաղաքական իշխանությունը նախօրեին անակնկալի է եկել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի ներկայացրած քաղաքական հայտից: «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման համաձայն՝ նրանք Արշակ Կարապետյանի թեման համարում էին փակված և արդեն չէին էլ հիշում, որ հերթական նախարարներից մեկին անակնկալ պաշտոնանկ անելուց հետո, հնարավոր է, ինչ-որ իրադարձություններ գծագրվեն:
Թերթի իրազեկ աղբյուրները հայտնում են, որ Փաշինյանը հրատապ զրույց է ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպան, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ՝ նրանից պահանջելով հստակ պարզել, թե Արշակ Կարապետյանը ՌԴ-ում ում հովանավորությունն է վայելում, ինչ ծրագիր է գծագրված Կարապետյանի մասով, ու ինչ է հնարավոր սպասել:
Թերթը տեղեկացրել է, որ Կարապետյանը այն մարդն է եղել, որը Նիկոլ Փաշինյանի հեղափոխական իշխանության համար ուղիներ է բացել դեպի ՌԴ ռազմաքաղաքական էլիտա՝ ռուսներին համոզելով, որ Փաշինյանն ու թիմակիցները «սորոսական չեն», ինչպես կասկածում էին ռուսները, և արժե աշխատել երիտասարդ հեղափոխականների հետ: Հիմա հենց ինքն է դուրս եկել Փաշինյանի իշխանության դեմ:
Նշենք, որ Կարապետյանը նախօրեին հայտարարել է նոր քաղաքական շարժման սկիզբ և հայտարարել, որ իրեն ՊՆ ղեկավարի պաշտոնից ադրբեջանական կողմի պահանջները չընդունելու համար են հեռացրել:
ՔՊ պատգամավորները ՊՆ նախկին նախարարի հայտարությունները «ցնդաբանություն» են որակել: