Հայաստանի կողմից Գրանադայում նորից միակողմանի զիջումներ են եղել, Armenia Today-ի հետ զրույցում կարծիք է հայտնել «Կովկաս» ինստիտուտի ավագ գիտաշխատող, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ խոսելով իսպանական Գրանադա քաղաքում Փաշինյան-Ալիև չկայացած հանդիպամն հետևանքների ու հիմնական վտանգի մասին։
Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Գրանադա չգնալու որոշումը, նա երկու հանգամանք է առանձնացրել։
«Եվրոպայում Ադրբեջանի նկատմամբ բավականին բացասական ֆոն է ստեղծվել։ Բացի այդ, Եվրոպայում չեն ուզում բանակցությունների մեջ խառնել Էրդողանին։ Ու այս ամենը ստեղծում է պայմաններ, որտեղ Ադրբեջանն ստիպված է լինելու զիջումների գնալ։ Ամենայն հավանականությամբ՝ այդ զիջումները մեծ չեն լինի։ Ընդ որում՝ մենք Եվրոպայի կողմից Հայաստանի շահերի տեսանկյունից շարժվելու պատրաստակամություն չենք տեսնում։ Բայց, ամեն դեպքում, այս մթնոլորտն Ադրբեջանի համար բացասական է։ Հաշվի առնելով նշվածները՝ Ալիևը որոշեց, որ այս պահին բանակցությունների մասնակցելու համար լավ ժամանակ չէ։ Հայտարարեց, որ չի մեկնելու Գրանադա՝ նաև հաշվի առնելով Էրդողանի բացակայությունը»,- ասել է քաղաքագետը։
Խոսելով չկայացած հանդիպման հետևանքների ու վտանգների մասին՝ նա շեշտել է, որ հիմնական վտանգն արդեն իսկ ակնհայտ է։
«Խնդիրը հետևյալն է․ Փաշինյանը Հայաստանի անունից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այս անգամ ոչ թե խոսքով, այլ ստորագրությամբ է ճանաչել։ Ադրբեջանը, սակայն, Հայաստանի տարածքային ամբողջականությունը շարունակում է չճանաչել։ Այսինքն՝ Հայաստանը նորից միակողմանի զիջում է, որովհետև դա են ցանկացել Փաշինյանի եվրոպացի գործընկերները։ Հայաստանի կողմից այդ դեկլարացիայի ստորագրմամբ միակողմանի նոր զիջումներ են արվել։ Վտանգը հենց սա է»,- նշել է քաղաքագետը։
Անդրադառնալով առարկայական վտանգին՝ նա շեշտել է․ «Փաշինյանն ինքը ժամանակին հայտարարել է, որ, այսպես կոչված, «անկլավները ևս Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս են»։ Ըստ այդմ՝ Ադրբեջանը կարող է հայտարարել, որ ինքն այդ անկլավների հետևից գալու իրավունք ունի, ինչպես նաև իրավունքի ունի հարձակվել Հայաստանի վրա՝ այդ տարածքներն ուժով ստանալու համար։ Ադրբեջանի համար Հայաստանի վրա ուժով հարձակվելը և այդպես հարցեր լուծելը սովորական ձևաչափ է դարձել»։
Հոկտեմբերի 5-ին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում տեղի էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը: Հանդիպման արդյունքներով ընդունվել էր համատեղ հայտարարություն, որում, մասնավորապես ասված էր, որ «կողմերը հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության (Հայաստանի 29,800 քառակուսի կմ և Ադրբեջանի 86,600 քառակուսի կմ) փոխադարձ ճանաչման վրա»։
Հոկտեմբերի 4-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ալիևը հրաժարվել է Գրանադայում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից, ինչն ավելի ուշ, հաստատավել էր նաև Նիկոլ Փաշինյանի կողմից։ Թուրքական լրատվամիջոցներն էլ հայտնել էին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Գրանադա հետաձգվել է նրա մրսածության պատճառով։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Բադալյան