Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-ին ելույթ կունենա Եվրախորհրդարանի լիագումար նիստում այդ մասին, Գրանադայում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեկոլան:
Հոկտեմբերի 5-ին Եվրախորհրդարանը բանաձև էր ընդունել, որով 491 պատգամավորներ կոչ էին արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ։
Հոկտեմբերի 5-ին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը: Հանդիպման արդյունքներով ընդունվել էր համատեղ հայտարարություն, որում, մասնավորապես ասված էր, որ «կողմերը հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության (Հայաստանի 29,800 քառակուսի կմ և Ադրբեջանի 86,600 քառակուսի կմ) փոխադարձ ճանաչման վրա»։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով՝ վերջին տվյալներով՝ կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ի տվյալներով, փրկարարները աղետի տարածքից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։