Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում են ՀՀ կառավարությունից։
Նշվում է, որ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանությունից հետո ստեղծված իրավիճակը, երկկողմ օրակարգի մի շարք հարցեր:
Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով:
Սեպտեմբերի 20-ին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով՝ վերջին տվյալներով՝ կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ Արցախից բռնի տեղահանվել ու Հայաստան է տեղափոխվել 100 514 անձ, հաշվառվել է 85 975 անձ (86%-ը)։