Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանում է, ուր ժամանել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Իրակլի Ղարիբաշվիլին և Ալիևը հանդիպում են ունեցել, որի շրջանակներում Ադրբեջանի նախագահը չի բացառել Հայաստանի ղեկավարության հետ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ երկկողմ կամ եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորությունը։
Նա Ղարիբաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ եթե հայկական կողմը համաձայնի, կհանդիպեն։
«Վրաստանը պետք է որպես միջնորդ մասնակցի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին»,-հայտարարել է Ալիևը։
Ալիևը նաև հայտարարել է, որ եթե Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքվի, ապա Հարավային Կովկասում նոր քաղաքական իրավիճակ կստեղծվի։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով՝ վերջին տվյալներով՝ կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ի տվյալներով, փրկարարները աղետի տարածքից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։