«Ազգային առաջընթաց» կուսակցությունը որոշումը չի փոխել և Երևանի ավագանու անդրանիկ նիստին չի մասնակցի։ Տեղեկությունն Armenia Today-ին հայտնեց Հայկ Մարությանի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Հովսեփ Կուբատյանը։
«Մենք արդեն հայտարարել ենք մեր որոշման մասին, որևէ փոփոխություն չկա»,- ասաց Կուբատյանը։
Հիշեցնենք, որ Ազգային առաջընթացը հայտարարել էր, որ չի մասնակցի նոր ավագանու նիստին՝ այսպիսով՝ գնալով նոր ընտրությունների։
«Մայր Հայաստան» խմբակացությունը նույնպես հայտարարել էր, որ ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին, որը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին։ Իսկ «Հանրային ձայն»-ը չի գնա նոր ընտրությունների, նա կմասնակցի ավագանու նիստին։
Սեպտեմբերի 17-ին մայրաքաղաք Երևանում տեղի էին ունեցել ավագանու 2023 թվականի ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի արտահերթ նիստում ամփոփել էր Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները՝ համաձայն որոնց անցողիկ շեմը հաղթահարել էին հետևյալ ուժերը՝ ՔՊ- 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ, «Հանրապետություն»՝ 8 մանդատ, իսկ «Հանրային ձայն»՝ 7 մանդատ։