Ավագանու ընտրություններից հետո առաջին նիստում Երևանի ավագանին ձայներով քաղաքապետ ընտրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանին, ով դարձավ նիստին ներկա կուսակցությունների կողմից առաջադրված քաղաքապետի միակ թեկնածուն։ Ավագանու անդամները քվեարկությունից առաջ նրան ոչ մի հարց չտվեցին։
Նիստին մասնակցում էր ավագանու 37 անդամ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Հանրային ձայն» կուսակցություններից։ Ավինյանի թեկնածությանը կողմ քվեարկեց ավագանու 32 անդամ, դեմ՝ 5-ը։
Քվեարկությանը մասնակցել են միայն ավագանու «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Հանրային ձայն» կուսակցությունները։ «Մայր Հայաստան» դաշինքը և նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Ազգային առաջընթաց» կուսակցությունը բոյկոտել են նիստը:
«Ազգային առաջընթացը» հոկտեմբերի 9-ին հայտարարել էր, որ չի մասնակցի նոր ավագանու նիստին՝ այսպիսով՝ գնալով նոր ընտրությունների։ «Մայր Հայաստան» խմբակացությունը նույնպես տեղեկացրել էր, որ ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին։ Իսկ «Հանրային ձայն»-ը հայտարարել էր, որ չի գնա նոր ընտրությունների և կմասնակցի ավագանու նիստին։
Սեպտեմբերի 17-ին մայրաքաղաք Երևանում տեղի էին ունեցել ավագանու 2023 թվականի ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի արտահերթ նիստում ամփոփել էր Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները՝ համաձայն որոնց անցողիկ շեմը հաղթահարել էին հետևյալ ուժերը՝ ՔՊ՝ 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ, «Հանրապետություն»՝ 8 մանդատ, իսկ «Հանրային ձայն»՝ 7 մանդատ։