Երևանի ավագանու «Քաղացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները հուշագիր են կնքել, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ «Հանրապետություն» խմբակցության ավագանու անդամ Արտակ Զեյնալյանի հետ համատեղ ասուլիսում։
Նա հայտնել է, որ, ըստ հուշագրի, Երևանի կառավարումը միասին են իրականացնելու։ Ավինյանը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել ու դեռ չի հստակեցրել մամուլում ծշրջանառվող այն տեղեկությունները, թե, մասնավորապես, որ պաշտոններն են բաժին հասնելու «Հանրապետություն» խմբակցությանը։
«Այս համագործակցությունը նշանակում է, որ «ՔՊ»-ն և «Հանրապետությունը» Երևանի կառավարումն իրականացնելու են միասին։ Նշանակումները ևս իրականացվելու են միասին ու փոխհամաձայնեցված»,- հայտնել է Ավինյանը։
Զեյնալյանը նշել է, որ լիազորություններն իրականացվելու են պետական պաշտոնների միջոցով։
Հարցին՝ պաշտոննե՞րն էին այն գինը, որը պետք է վճարեին համագործակցության համար, Զեյնալյանը նշել է․ «Լիազորություններն իրականացվելու են պետական պաշտոնների միջոցով, որոնք կարկանդակ չեն։ Դրանք շնորհ ու պարգև չեն։ Այդ պաշտոնները պատասխանատվության ստանձնում են նշանակում։ «Հանրապետությունը» որոշել է ստանձնել այդ պատասխանատվությունը»։
Այսօր ԶԼՄ-ները գրել էին, որ ՔՊ-ին աջակցելու դիմաց 3 թաղապետի, 1 փոխքաղաքապետի պաշտոն է հասնելու «Հանրապետություն» խմբակցությանը։
Այսօր Երևանի նորընտիր ավագանին 32 կողմ, 5 դեմ ձայներով Երևանի քաղաքապետ ընտրեց Տիգրան Ավինյանին։
«Ազգային առաջընթացը» հոկտեմբերի 9-ին հայտարարել էր, որ չի մասնակցի նոր ավագանու նիստին՝ այսպիսով՝ գնալով նոր ընտրությունների։ «Մայր Հայաստան» խմբակացությունը նույնպես հայտարարել էր, որ ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին։ Իսկ «Հանրային ձայն»-ը հայտարարել էր, որ չի գնա նոր ընտրությունների և կմասնակցի ավագանու նիստին։
Սեպտեմբերի 17-ին մայրաքաղաք Երևանում տեղի էին ունեցել ավագանու 2023 թվականի ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի արտահերթ նիստում ամփոփել էր Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները՝ համաձայն որոնց անցողիկ շեմը հաղթահարել էին հետևյալ ուժերը՝ ՔՊ՝ 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ, «Հանրապետություն»՝ 8 մանդատ, իսկ «Հանրային ձայն»՝ 7 մանդատ։
Մանրամասները՝ տեսանյութում։