Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական, թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը Armenia Today-ի հետ զրույցում մեկնաբանել է Իսրայելա-պաղեստինյան պատերազմի հնարավոր ազդեցությունը տարածաշրջանի վրա և դրա հետևանքները Հայաստանի համար:
Նրա խոսքով՝ ներկա փուլում բոլորը ձգտում են, որ այս պատերազմը Պաղեստինի ու Իսրայելի սահմաններից դուրս չգա: «Այս միտումը ես տեսնում եմ և՛ Արևմուտքի մոտ, և՛ Իրանի: Մասնավորապես շատ բան կախված կլինի Հզբոլահից (խմբ.- Իրանի աջակցությունը վայելող լիբանանյան խմբավորում): Եթե Հզբոլահը ներգրավվի, (կարծես թե ասում են, որ պետք է ներգրավվի, սակայն դեռևս լուրջ քայլեր չեն արել) ապա Իրանի ներքաշվելը պատերազմին անխուսափելի կլինի»,- ասաց Սաֆրասյանը:
Ըստ նրա՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ աշխարհը պետք է հաշվի նստի Իրանի հետ: Դա մասնագետի խոսքով նշանակում է, որ Արևմուտքը չի ցանկանում Իրանի ներքաշումը պատերազմի մեջ: Այնուամենայնիվ՝ ընթացքը կարող է այնպիսին լինել, որ դա անկառավարելի լինի:
«Եթե Իրանը ներքաշվի, ապա դա անդրադարձ կունենա մեր տարածաշրջանի վրա: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանում տեղակայված են իսրայելական որոշակի օբյեկտներ՝ և՛ հետախուզական բնույթի, և՛ կան տեղեկություններ, որ ռազմական օդանավեր սպասարկելու օբյեկտներ, որոնք կարող է Իսրայելն օգտագործել Իրանի դեմ»,- ասաց արևելագետը՝ հավելելով, որ այս դեպքում, փաստորեն Իրանին հարվածելու համար Իսրայելը կօգտագործի Ադրբեջանի տարածքը: «Սա նշանակում է, որ պատերազմի բոցը տեղափոխվում է մեր տարածաշրջան , որն անցանկալի է և բոլոր հիմնական խաղացողները ձգտում են խուսափել դրանից:
Սաֆրասյանն ասաց՝ ակնհայտ է, որ Իսրայելը նույն քանակությամբ զենք ու զինամթերք չի կարողանա տրամադրել Ադրբեջանին, հատկապես՝ նորագույն զինատեսակներ:
«Դա խնդիր է Ադրբեջանի համար: Կարծում եմ, իրենք կփորձեն դա լուծել՝ դիմելով այլ մատակարարների, մասնավորապես Թուրքիային: Այն զինատեսակները, որոնք տրամադրում է Իսրայելը, համատեղելի են ՆԱՏՕ-ի զինատեսակների հետ, հայտարարվել է, որ Ադրբեջանի բանակը մոտենում է ՆԱՏՕ-ի բանակին: Նրանք կփորձեն արևմտյան զինատեսակների դիմել, ինչպիսին Թուրքիայինն է»,- ասաց մեր զրուցակիցը:
Փորձագետի խոսքով՝ պետք է պատրաստ լինել պատերազմի, քանի որ Ալիևը կարող է օգտվել թեժ վիճակից ու իր խնդիրները լուծել Հայաստանում: Հնարավոր է այլ սցենար ևս, որ Ադրբեջանը չի ուզենա նոր ճակատ ստեղծել մոլեգնող պատերազմի համար ու առայժմ զերծ կմնա թեժացնել իրավիճակը տարածաշրջանում՝ փորձելով խաղաղ պայմաններում ստանալ իր ուզածը Հայաստանից՝ ճնշում բանեցնելով: «Այնուամենայնիվ պետք է հասկանալ, որ գործ ունենք Ադրբեջանի նման երկրի հետ»,- եզրափակեց Սաֆրաստյանը:
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով են գնդակոծվել։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել է Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի վրա։
Արաքսյա Սնխչյան