Սկոլկովոյի կառավարման դպրոցի շրջանավարտները դիմել են համաշխարհային առաջնորդներին և իրավապաշտպաններին ու լրատվամիջոցներին խնդրանքով՝ ուշադրություն դարձնել ադրբեջանական ուժայինների կողմից Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը, տեղեկանում ենք նրանց պաշտոնական էջից:
Ռուսաստանի և հետխորհրդային տարածքի գործարար վերնախավը դա համարում է հարված ողջ հանրությանը. «Համաշխարհային մասշտաբի մարդկանց ֆիզիկական անվտանգությունը բարոյական աջակցություն է ցուցաբերում մյուս առաջնորդներին»,- գրել են շրջանավարտները հայտարարության մեջ:
Ստորագրողները պնդում են, որ հարյուրավոր ու հազարավոր մարդիկ երախտապարտ են Վարդանյանին, ում կյանքի վրա անձամբ ինքը կամ նրա նախագծերը դրական ազդեցություն են ունեցել։ Դիմումի հեղինակները խնդրում են օգնություն և աջակցություն բոլոր նրանց, ովքեր մտահոգված են նրա ճակատագրով, որպեսզի ապահովեն նրա անվտանգությունը և շուտափույթ վերադարձը ընտանիքին ու ստեղծագործական աշխատանքին։
«Ռուբեն Վարդանյանը գործարարի, բարերարի, նվիրյանի օրինակ է, ում համար պատիվը, արժանապատվությունն ու առաքելությանը ծառայելը խոսք չեն, այլ ապրելակերպ»,- ասված է դիմումի տեքստում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանում մեղադրանք է առաջադրվել։ Նա մեղադրվում է «ահաբեկչության ֆինանսավորման մեջ»։ Նրան մեղադրում են նաև «ապօրինի զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծման և դրանց գործունեությանը մասնակցելու մեջ»։ Մյուս հոդվածը վերաբերում է «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի ապօրինի հատմանը»։
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու մասին։ Հայաստանի կառավարությունը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կապված նրա գերության հետ և տեղեկություններ պահանջել Վարդանյանի կարգավիճակի, կալանքի պայմանների և առողջական վիճակի մասին։