Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում մեր միակ նպատակը կայուն խաղաղության և կայունության ապահովումն է, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
Նա այդպես է արձագանքել հոկտեմբերի 10-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հոդվածում հրապարակված մեղադրանքներին։ Լավրովն ԱՄՆ-ին «աշխարհաքաղաքական հավակնությունների պատճառով Հարավային Կովկասի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրներին միջամտելու» մեջ էր մեղադրել։
«Հարավային Կովկասում, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում մեր միակ նպատակը կայուն խաղաղության, կայունության ապահովումն է և, իհարկե, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդասիրական կարիքների և իրավունքների պաշտպանության ապահովումը»,- ասել է Միլլերը՝ նշելով, որ Լավրովի հայտարարությունը «բացարձակապես ճիշտ չէ»։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, վերջին տվյալներով, 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա) կա։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: