Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոյի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից ԼՂ-ում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով առաջացած հարցերը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայտնում են կառավարությունից։
«Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով առկա հումանիտար իրավիճակին և մարտահրավերների լուծման քայլերին վերաբերող հարցեր»,-հայտնում են գործադիրից։
Տեղեկացնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և կարևորել դրա շարունակականությունը:
«Մտքեր են փոխանակվել Գրանադայում տեղի ունեցած Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Եվրոպական խորհրդի նախագահի քառակողմ հանդիպման շուրջ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հոկտեմբերի 5-ին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում տեղի էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը: Հանդիպման արդյունքներով ընդունվել էր համատեղ հայտարարություն, որում, մասնավորապես ասված էր, որ «կողմերը հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության (Հայաստանի 29,800 քառակուսի կմ և Ադրբեջանի 86,600 քառակուսի կմ) փոխադարձ ճանաչման վրա»։
Հոկտեմբերի 4-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ալիևը հրաժարվել է Գրանադայում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից, ինչն ավելի ուշ, հաստատավել էր նաև Նիկոլ Փաշինյանի կողմից։ Թուրքական լրատվամիջոցներն էլ հայտնել էին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Գրանադա հետաձգվել է նրա մրսածության պատճառով։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, վերջին տվյալներով, 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա) կա։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: