Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերին էթնիկ զտման ենթարկելու հստակ նպատակ է ունեցել, ինչն իրականացրել է, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում «Ղարաբաղի հայերի իրավունքները, մարդասիրական իրավիճակն ու Ադրբեջանի միջազգային պարտավորությունները» թեմայով լսումներում ասել է Հայաստանի ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, գրում է «Արմենպրես»-ը։
Նա շեշտել է, որ ընթացող քննարկմանն իրեն զարմացնում է ադրբեջանցի գործընկերների ցինիկության աստիճանը, որոնք դարձել են իրենց ավտորիտար, ցեղասպան ռեժիմի փաստաբանները: Նրանք պնդում են, թե իբր Լեռնային Ղարաբաղի հայերն Ադրբեջանի քաղաքացիներ են:
«Նկատեցի՞ք, որ նրանցից որևէ մեկը որևէ բառ չասաց 100 հազար հայի ճակատագրի մասին: Նրանցից ոչ ոք չխոսեց նրանց կարիքների մասին, ցավակցություն, ափսոսանք չհայտնեց զոհերի համար, նրանց համար, ովքեր բաժանված են իրենց ընտանիքներից: Բայց, եթե հաշվի ենք առնում, որ նրանց ներկայացրած ռեժիմի հստակ նպատակը եղել է հենց հայերից ազատվելը, ամեն ինչ դառնում է տրամաբանական»,- ասել է պատգամավորը:
Ռուբինյանն անդրադարձել է նաև ադրբեջանցի պատգամավոր Քամալ Յաֆարովին՝ ասելով, որ այդ ժողովուրդն այնքան զուրկ է ամոթից, որ նույնիսկ ամբողջ բնակչության էթնիկ զտումից ընդամենը 2 շաբաթ հետո նրանք գալիս են այս կազմակերպություն և Հայաստանը կոչում «Արևմտյան Ադրբեջան»:
Ռուբինյանը հիշեցրել է Ադրբեջանի վերջին գործողությունները, այդ թվում՝ 2020 թվականի պատերազմը, վերջին էթնիկ զտումները, բոլոր իրեդենտիստական խոսակցությունները՝ Հայաստանից արտատարածքային միջանցքի պահանջների վերաբերյալ, Հայաստանի սահմանները չճանաչելը և ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակի կողմից Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» կոչելը:
«Պետք չէ հանճար լինել՝ հասկանալու համար, որ Ադրբեջանը դարձել է սպառնալիք միջազգային կարգի և միջազգային իրավունքի համար: Եվ այդ ռեժիմը պետք է պատժվի՝ իհարկե օրենքով: Մենք, որպես հայկական պատվիրակություն, որպես Հայաստան, միջազգային հանրությունից, ձեզնից յուրաքանչյուրից անհատապես աջակցություն ենք ակնկալում»,- ասել է Ռուբինյանը:
Նա Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների պարտավորությունների կատարման հանձնաժողովի ղեկավարին խնդրել է թույլ չտալ, որ որևէ մեկը նման ագրեսիվ տերմինաբանություն օգտագործի: