Տարածաշրջանային խնդիրները «3+3» ձևաչափով լուծելու հնարավոր տարբերակի և Վրաստանը որպես հայ-ադրբեջանական հարթակ օգտագործելու հնարավորության մասին Armenia Today-ը զրուցել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանի ու վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ:
Միքայելյանի խոսքով՝ ֆորմատի վերաակտիվացումը պայմանավորված է նրանով, որ երբ Թուրքիայում կայացած ընտրություններին հաղթեց Էրդողանը, փորձեց բարելավել հարաբերությունների ֆոնը Արևմուտքի հետ՝ գնալով որոշ պրոարևտյան ու հակառուսական քայլերի՝ այդ թվում կադրերի նշանակման միջոցով:
«Նա մեղմացրել էր իր հակաարևմտյան հռետորաբանությունն ու պաուզայի վրա դրել 3+3 ձևաչափը: Հիմա նորից Էրդողանը վերադարձավ հակաարևմտյան հռետորաբանության՝ հատկապես Գազայի շուրջ զարգացումների ֆոնին, ու կարելի է ասել՝ շահագրգռված է այդ ձևաչափի համար: Բացի այդ՝ Իրանն ու ՌԴ-ն ևս մտահոգված են ՀԿ-ի տարածքում Արևմուտքի ներկայությամբ, և երրորդ, Վրաստանը թեև չէր ուզում այդ ֆորմատին մասնակցել, սակայն այժմ նկատվում է հռետորաբանության մեղմացում, նա մտահոգ է իրավիճակով և պատրաստ է զիջումների գնալ»,- պրզաբանեց նա:
Այսպիսով, ըստ փորձագետի, թեև «3+3» ձևաչաձը հեռու է իրականություն դառնալուց, սակայն գնալով ավելի իրատեսական է դառնում:
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերությունների համար Վրաստանը որպես հարթակ ընդունելը, ապա Միքայելյանն այնքան էլ հարմար չի համարում: Ըստ փորձագեի՝ բանակցությունների հարթակ լինելու համար նախ անհրաժեշտ է լինել չեզոք, ցանկալի է՝ ընհանրապես պրոհայկական, իսկ Վրաստանն այդպիսին չէ: Այս առումով, օրինակ, Փարիզն ավելի ցանկալի է, քան Բրյուսելը:
«Վրաստանում կա ցանկություն չեզոք լինելու, սակայն Թուրքիան ու Ադրբեջանը լուրջ ազդեցություն ունեն նրա վրա»,- ասաց նա՝ հավելելով, որ հաջորդ պայմանը հարթակի ազդեցիկ լինելն է. ուղղակի բանակցությունների հարթակ լինելը մի բան է, մեկ այլ բան է՝ երբ դու ազդեցություն ունես դրանց վրա: Այսօր Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ ունի շատ լուրջ առավելություն և կապիտալիզացնելու է այն: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա չի կարող բանակցել, եթե չլինի ազդեցիկ հարթակ, որը չեզոքացնելու է Ադրբեջանի ճնշումը»,- ասաց քաղաքագետը՝ նշելով, որ Վրաստանը հենց այն հարթակն է լինելու, որտեղ Ադրբեջանն իր` ներառյալ Թուրքիայի, ազդեցությունը դնելու է Հայաստանի դեմ:
Վրացագետ Ջոնի Մելիքյանը չի բացառում այս հարթակի օգտագործումը: Ամեն ինչ հնարավոր է, ասում է, բայց ունենք արդեն ձևավորված երկու հարթակ, Բրյուսելյան ավելի ակտիվ և ռուսական փոքր-ինչ պասիվ հարթակներ, որը հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամով է պայմանավորված:
«Ի վերջո այս երկու հարթակներով բանակցությունները եղել են և, իմ կարծիքով, կշարունակվեն: Բայց Ադրբեջանի նախագահը ստանալով այն ամենն ինչ ակնկալում էր արևմտյան հարթակից՝ Բրյուսելից, այսօր արդեն փորձում է հրաժարվել այդ հարթակից՝ Գրանադա չմեկնելով ինչ-ինչ պատճառներով, ապա առաջարկելով «2+2» ֆորմատ, դրանից հետո հայտարարելով՝ կա’մ երկկողմանի հանդիպումներ, կա’մ ռուսական պլատֆորմ»,- ասաց նա:
Ըստ Մելիքյանի՝ Վրաստանում նախկինում հանդիպումներ տեղի ունեցել են, երկկողմանի հանդիպում ԱԳՆ նախարարների միջև, ռազմագերիների առաջին խմբի վերադարձի բանակցությունները:
«Վրաստանը միշտ ցանկացել է աջակից լինել՝ ունենալով իր պատճառները: Մինիմում և մաքսիմում ծրագիր կա: Մինիմում, երբ իրենց տարածքն օգտագործեն բանակցությունների համար, մաքսիմում, եթե ստացվի, որ միջնորդի դերում հանդես գան»,- ասաց Մելիքյանը՝ հավելելով, որ մաքսիմում ծրագիրն այս պահին իրատեսական չէ: Երևանը կողջունի Վրաստանի պատրաստակամությունը, սակայն կպահպանի այն հարթակներոը, որտեղ արդեն որոշակի գրանցված հարցեր կային: Վրաստաը կարող է լինել հարթակ ոչ այնքան քաղաքականացված, ոչ խնդրահարույց, ավելի շուտ՝ տեխնիկական հարցերի շուրջ բանակցությունների համար:
«Որևէ գործող և հնարավոր հարթակ այսօր չի կարող ապահովել Արևմուտքի կողմից բանակցությունների ընթացքում պայմանավորվածությունների իրականությունը»,- ասաց Մելիքյանը: Նա պարզաբանեց, որ եթե նույնիսկ Բրյուսելում չկարողացան ապահովել արցախահայերի իրավունքներն ու անվտանգությունը, ապա այլ տեղերում առավել ևս իրատեսական չի համարում մոտիվացված լինելը:
«Վրաստանը լոգիստիկ առումով հարմար տեղ է, կարելի է գնալ, հանդիպել, վատ չէ, բայց ինչ են քննարկելու, ինչ տիպի հարցեր, կլինեն էկոլոգիական, ենթակառուցվածքների, մշակութային կոթողների, ժառանգության վերաբերյալ հարցեր, բայց այն օրակարգը, որն արդեն գոյություն ունի, Երևանը չի ցանկանա տեղափոխել նոր ձևավորված հարթակ»,- ասաց վրացագետը՝ հիշեցնելով, Ալիևը առաջին անգամ չէ, որ փորձում է փոխել հարթակը, նա առաջարկել է «2+2» ֆորմատը, որի պատասխանը Երևանից պետք է լինի այն, որ առավել նախընտրելի է «3+3»-ով հանդիպել, որտեղ ներկայացված են նաև մյուս տարածաշրջանային երկրները:
Արաքսյա Սնխչյան