ԱՊՀ երկրների ղեկավարները Բիշքեկում համաձայնագիր են ստորագրել ռուսերեն լեզվի միջազգային կազմակերպության հիմնադրման մասին, հաղորդում է ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը:
Ըստ ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևի, կազմակերպության հիմնական նպատակն է երկրների միջև բարեկամության, բարիդրացիության և փոխըմբռնման զարգացումը, ամրապնդումը, համակողմանի փոխշահավետ համագործակցությունը ռուսերենի` որպես միջպետական հաղորդակցության լեզվի պահպանման և տարածման գործում:
Նա մանրամասնել է՝ կազմակերպության գործունեությունն ուղղված է ռուսերենի օգտագործման ոլորտում համագործակցության զարգացմանը, մշակույթի, համաշխարհային գրականության և պատմության բնագավառում համաշխարհային գիտելիքների բազաներին հասանելիությանը:
Համաձայնագիրը ստորագրած երկրները նախատեսում են զարգացնել փոխգործակցությունը երկրների կրթական, մշակութային, գիտական կազմակերպությունների և հասարակական միավորումների միջև։
Բիշքեկում տեղի է ունենում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարները։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Բիշքեկ՝ մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին։