ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկրի օրենսդիրներին նախազգուշացրել է առաջիկա շաբաթներին Հայաստանի հարավային շրջաններ Ադրբեջանի հավանական ներխուժման մասին, հաղորդում Է Politico պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ Հայաստանին կոչ էր արել «միջանցք» բացել հարավային սահմանի երկայնքով, որը Ադրբեջանը կապում է Թուրքիայի և Իրանի հետ սահմանակից էքսկլավին: Ալիևը սպառնացել է այդ հարցը լուծել «ուժային ճանապարհով»,- գրում է պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ հոկտեմբերի 3-ին կայացած հեռախոսազրույցում օրենսդիրները Բլինքենից պահանջել են հնարավոր միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի նախագահի դեմ՝ ի պատասխան սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղ ներխուժմանը:
Բլինքենը պատասխանել է, որ Պետքարտուղարությունն ուղիներ է փնտրում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար և չի ծրագրում ռազմական օգնություն տրամադրել Բաքվին: Նա հավելել է, որ հավանականություն է տեսնում, որ առաջիկա շաբաթներին Ադրբեջանը հարավային ուղղությամբ կներխուժի Հայաստան։
Այնուամենայնիվ, նա վստահություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող դիվանագիտական բանակցությունների վերաբերյալ դեմոկրատ օրենսդիրներին, այդ թվում՝ Նենսի Փելոսիին, Անն Էշոյին և Ֆրենկ Փալոնին: «Իր հայտարարության մեջ Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել այս կոչը, սակայն ընդգծել է գերատեսչության հավատարմությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և հակամարտությունը լուծել «ուղիղ բանակցությունների միջոցով»,- նշում է Politico-ն։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։
ԵԽԽՎ-ն հոկտեմբերի 12-ին ընդունել էր բանաձև, որը դատապարտում է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ և արձանագրում, որ տարածաշրջանի գրեթե ողջ բնակչությունը լքել է իր հայրենիքը ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի և Բաքվի հայատյաց քաղաքականության պատճառով։ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի ներկայացուցչությունը քննադատել էր վեհաժողովի` Բաքվին դատապարտող բանաձևը։