Վրաստանի Սահմանադրական դատարանը որոշել է, որ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է երկրի հիմնական օրենքը, հայտնում է Грузия Online-ը։ Այս որոշումը թույլ կտա շարունակել պետության ղեկավարի իմփիչմենթի գործընթացը, հարցը կքննարկի երկրի խորհրդարանը։
Զուրաբիշվիլիի իմփիչմենթը նախաձեռնել էր իշխող կուսակցությունն աշնան սկզբին, քանի որ նա արտասահման էր մեկնել առանց կառավարության համաձայնության։ Կուսակցությունը գտնում է, որ Զուրաբիշվիլին խախտել է երկրի Սահմանադրության 52-րդ և 54-րդ հոդվածները՝ առանց կառավարության համաձայնության եվրոպական շրջագայության մեկնելով։
Սեպտեմբերի 1-ին նա այցելել էր Բեռլին, որտեղ հանդիպել էր Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, այնուհետև մեկնել էր Բրյուսել՝ հանդիպելու Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ։ Նախարարների կաբինետը ճամփորդության թույլտվություն չտրամադրելը բացատրել է այն հանգամանքով, որ իշխանությունները կորցրել են վստահությունը նրա նկատմամբ։ Իր հերթին՝ Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Եվրոպա կատարած իր այցերի նպատակն է օգնել Վրաստանին ստանալ թեկնածու երկրի կարգավիճակ։
Որոշումն ընդունվել է ինը դատավորներից կազմված կոլեգիայի կողմից: Զուրաբիշվիլին նիստերին ներկա չի եղել, նրան ներկայացրել են փաստաբանները։ Դատարանում ն եղել իշխող «Վրացական երազանք» կուսակցության մի քանի պատգամավորներ, որոնք սեպտեմբերի սկզբին նախաձեռնել էին իշխող կուսակցության իմփիչմենթը։
Սեպտեմբերի 12-ին խորհրդարանի 80 պատգամավոր դիմել էր Սահմանադրական դատարան՝ Վրաստանի նախագահի իմփիչմենթի հարցով։ Սահմանադրական առաջարկների, ըստ էության, քննարկումը սկսվել էր հոկտեմբերի 3-ին և ավարտվել հոկտեմբերի 5-ին։
Դատարանի որոշումից հետո հարցը կքննարկի խորհրդարանը, սակայն իմփիչմենթն այնտեղ կարող է անհրաժեշտ աջակցություն չստանալ։ Առանց ընդդիմության աջակցության խորհրդարանական մեծամասնությունը՝ ի դեմս «Վրացական երազանքի» և «Ժողովրդական իշխանություն» շարժման անդամների, չի կարողանա ավարտել իմփիչմենթի գործընթացը, քանի որ անհրաժեշտ է առնվազն 100 ձայն, իսկ մեծամասնությունը ներկայումս ունի ընդամենը 84 մանդատ։