ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրել է Հավաքական անվտանգության պայմանագրին ու անվտանգային պարտավորություններ ունեցեղ երկրներին անգործության ու Հայաստանին չօգնելու մեջ: Նա 2020 թվականի պատերազմից հետո տեղի ունեցած մի շարք դեպքեր թվարկեց, երբ Հայաստանը մենակ է մնացել իր խնդիրների հետ:
«2021 թվականի մայիսի 12-ին, ադրբեջանական զորքերը խախտեցին Հայաստանի հետ սահմանը, սահմանագծի մոտ 100 կիլոմետրանոց հատվածում մինչեւ 4 կիլոմետր ներխուժելով Հայաստանի ինքնիշխան տարածքի խորքը: Այս իրավիճակում Հայաստանի անվտանգության համակարգը համարվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը եւ երկկողմ մակարդակում Հայաստանի նկատմամբ անվտանգային պարտավորություններ ունեցող երկրները մեզ ոչնչով չօգնեցին, մեզ միայնակ թողեցին»,- ասաց նա:
Դեպքերից խոշորագույնն, ըստ վարչապետի, Ադրբեջանի լայնածավալ հարձակումն էր Հայաստանի վրա՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, որի հետեւանքով Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիա տեղի ունեցավ: Բայց նմանօրինակ ամենաթարմ եւ ամենաողբերգական դեպքերը տեղի ունեցան բոլորովին վերջերս, երբ Ադրբեջանը, ի կատարումն էթնիկ զտումների իր երկարամյա քաղաքականության, լայնածավալ հարձակում իրագործեց Լեռնային Ղարաբաղի վրա:
«Այն ժամանակ, երբ հարյուր հազար հայերը Լեռնային Ղարաբաղից փախչում էին Հայաստանի Հանրապետություն, անվտանգային ոլորտի մեր դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլեւ Հայաստանում իշխանափոխություն անելու, ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին հնչեցնում»,- նշեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ամեն դեպքում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը համախմբվեց հանուն սեփական անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության եւ մեր պետության դեմ նյութված հերթական դավադրությունը ձախողվեց:
«Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու ժողովուրդը համախմբվեցին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների զոհ դարձած ավելի քան 100 հազար հայերին ընդունելու, ապաստան տալու խնդրի լուծման շուրջ եւ պետք է արձանագրեմ, որ մենք այդ գործը պատվով կատարեցինք»,- ընդգծեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: