Պատրաստ ենք մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել, Եվրախորհրդարանում տեղի ունեցած իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը հրաժարվեց գնալ Գրանադայի հանդիպմանը, որի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Բրյուսելում:
«Բայց մյուս կողմից, մենք այս տարվա ընթացքում, ինչպես Եվրոպական խորհրդարանի նախագահը նշեց, Բրյուսելում եռակողմ հանդիպում անցկացնելու պայմանավորվածություն ունենք և եթե վերը հիշատակված սկզբունքները պաշտոնապես վերահաստատվեն` մինչեւ տարեվերջ Հայաստան-Ադրբեջան խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրելը կդառնա խիստ իրատեսական»,- ասաց նա:
Ըստ վարչապետի՝ չնայած առկա բազմաթիվ չլուծված խնդիրնեի՝ պետք է անսասան շարժվենք դեպի խաղաղություն:
«Դա անելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք և ես ու Հայաստանի կառավարությունը, խորհրդարանական մեծամասնությունն ունեն այդ քաղաքական կամքը: Մյուս կողմից միջազգային հանրությունը եւ Եվրամիությունը, մեր տարածաշրջանի երկրները մեզ պիտի աջակցեն, ամեն ինչ անեն այս հնարավորության օգտագործումը մեզ համար, Ադրբեջանի և Հայաստանի համար իրական դարձնելու նպատակով»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը նշեց, որ հենց այդ հարցում հայցում է բոլորի շարունակական ուշադրությունն ու աջակցությունը՝ հատկապես այն սկզբունքների իրագործման հարցում, որոնց շուրջ պայմանավորվածության են եկել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ։