Ստրասբուրգում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ, հայտնել են կառավարության մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի, կարևորվել է դրա շարունակականությունը:
«Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, առկա խնդիրների լուծման ուղղությամբ միջազգային հանրության կողմից օժանդակության հետագա քայլերը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Փաշինյանը Ստրասբուրգում է Եվրախորհրդարանի նախագահ Մեցոլայի հրավերով: Ավելի վաղ նա ելույթ ունեցել Եվրախորհրդարանում: