Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ և հայտեր ներկայացնել ԵՄ և ՆԱՏՕ։
«Ես առաջին անգամ եմ դիմում Ձեզ և դա անում եմ հրապարակայնորեն, քանի որ շատ մտահոգված եմ մեր տարածաշրջանի և Հայաստանի ճակատագրով։ Ելնելով Ռուսաստանի և Պուտինի հետ շփվելու իմ փորձից, ով վերջերս ԱՊՀ գագաթնաժողովում գործնականում ինձ մեղադրեց այս կազմակերպության փլուզման մեջ, թույլ տվեք ձեզ մի քանի խորհուրդ տալ»,- X-ի իր էջում գրել է նա։
Սաակաշվիլին հիշեցրել է, որ Փաշինյանն իշխանության է եկել ժողովրդական ընդվզումների արդյունքում, Պուտինի տերմինաբանությամբ՝ գունավոր հեղափոխության և հավատացրել, որքան էլ նրա պահանջները բավարարի, հավատարմության երդում տա, Պուտինը երբեք դա չի ներել և չի ների։
«Ավելին, Ձեր վերջին հայտարարություններից, քաղաքական քայլերից և հատկապես Հռոմի ստատուտի վավերացումից հետո նա Ձեր արյունարբու թշնամին է և Ձեզ տապալելու է իր ձեռքի տակ եղած բոլոր հնարավորություններով՝ ներքին անկարգություններ, ռազմական գործողությունների խրախուսում։ Նա Ձեզ տնտեսապես կխեղդի և կօգտագործի հիբրիդային պատերազմի ողջ զինանոցը»,- գրել է Սաակաշվիլին:
Նա նել է, որ Փաշինյանը շատ քիչ ժամանակ ունի և որ իշխանության գալով՝ ձախողել է հիմնարար ռեֆորմները, իսկ այժմյան պետական համակարգը Կրեմլի 5-րդ շարասյունն է։
«Դուք ուշացել եք նաև Եվրոպական ինտեգրացիայից։ Որքան էլ ձեզ համար դժվար լինի, Հայաստանի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունները նոր հնարավորություն են տալիս մեր տարածաշրջանին։ Որոշ ժամանակ անց մենք կարող ենք ապրել ինչպես բալթյան երեք երկրներ՝ բաց սահմաններով, ստեղծել լոգիստիկ, ֆինանսական, էներգետիկ հանգույցների մի ամբողջ համակարգ՝ օգտագործելով մեր երեքից յուրաքանչյուրի առավելությունները։ Բայց դրա համար դուք պետք է շտապեք և մի կողմ թողնեք ցանկացած տատանում, գնացեք Վա-բանկ: Պետք է շտապել. հեռացնել ռուսական ռազմաբազան, լքել ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն և գնալ դեպի ԵՄ ու ՆԱՏՕ»,- նշել է նա:
Նա նշել է, որ Փաշինյանը պետք է բացահայտորեն հայտարարի և անհապաղ խաղաղության պայմանագիր կնքի Ադրբեջանի հետ և դրանով ճանապարհ բացի Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության մեջ հիմնարար փոփոխությունների համար։
«Հուսով եմ՝ թույլ չեք տա Պուտինին ոչնչացնել ձեզ և միևնույն ժամանակ կործանել ձեր երկիրը և ամբողջությամբ խարխլել մեր տարածաշրջանը։ Բոլորիս առջև ծառացած վտանգը շատ իրական է և պահանջում է անհապաղ գործողություն: Հուսով եմ այս անգամ չեք վարանի։ Հաջողություն Ձեզ և հաջողություն հայ ժողովրդին»,- իր բաց նամակը եզրափակել է Սաակաշվիլին։
Փաշինյանը հոկտեմբերի 17-ին ելույթ ունենալով Եվրախորհրդարանում՝ քննադատել էր Հայաստանի դաշնակիցներին Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումները կանխելու ձախողման համար։ Լեռնային Ղարաբաղի հայերին արտաքսելու Բաքվի ծրագրերի իրականացմանը, ըստ Հայաստանի վարչապետի, նպաստել է նաև ռուս խաղաղապահների անգործությունը։ Հոկտեմբերի 10-ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Փաշինյանն ասել էր, որ Հայաստանը չի փոխում իր արտաքին քաղաքականության վեկտորը և չի բարձրացնում երկրում ռուս սահմանապահների և 102-րդ բազայի առկայության հետ կապված հարցեր։
Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Մակրոնին և հրավիրել Հայաստան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և նշել, որ ակնկալում է հաջորդ տարի...