ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսություն հիմնելու Հայաստանի համաձայնությունն ուժի մեջ է, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Կլիմովը։
Նա այդ մասին հայտարարել է՝ պատասխանելով հարցին՝ Երևանը հարաբերությունների ներկա իրավիճակի լույսի ներքո արդյոք հե՞տ է կանչել իր համաձայնությունը։
«Չնայած երկրների միջև հարաբերությունների ներկայիս իրավիճակին, Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն հիմնելու համաձայնությունն ուժի մեջ է մնում։ Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն հիմնելու ծրագրերը որևէ փոփոխություն չեն կրել։ Այն բացելու հայկական կողմի համաձայնությունը մնում է ուժի մեջ»,-ասել է Կլիմովը։
Նա հայտնել է, որ հյուպատոսության աշխատանքների մեկնարկի ժամկետների մասին լրացուցիչ կտեղեկացնեն։
ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սերգեյ Պալտովը 2023-ի մայիսի 28-ին հայտնել էր Կապանում հյուպատոսություն բացելու Ռուսաստանի որոշման մասին: Նա ասել էր, որ հայկական կողմը մայիսի 25-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկկողմ հանդիպման ժամանակ հավանություն է տվել Սյունիքում ռուսական հյուպատոսության բացմանը:
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն Armenia Today-ին հայտնել էր, որ հայկական կողմը դրական է արձագանքել Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկությանը։
Կապան քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման արարողությունը տեղի էր ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 21-ին։