Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» համատեղ զորավարժություններով ուժի ռազմական ցուցադրություն են կազմակերպում, որպեսզի համոզեն Հայաստանին ընդունել «Զանգեզուրի միջանցքի» բացման իրենց պայմանները, հակառակ դեպքում՝ նրանք կհարձակվեն, գրում է հունական Pentapostagma պարբերականը։
«Համատեղ զորավարժությունները, որոնք կանցկացվեն երկու եղբայրական երկրների զինվորների, տանկերի, զրահամեքենաների և ավիացիայի մասնակցությամբ, ուղղված կլինեն զորքերի փոխգործակցության ժամանակ մարտական համատեղելիության ապահովմանը, կառավարման կատարելագործմանը, փորձի փոխանակմանը և զինծառայողների պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը»,-նշված է հոդվածում։
Նշվում է, որ Արցախի օկուպացիայի, իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրրման և աշխարհաքաղաքական այլ իրողությունների ֆոնին Էրդողանը փոխել է իր մարտավարությունը։
«Նա փորձեց մոտենալ Իրանին՝ գայթակղելով, առաջարկելով, որ միջանցքի մի մասն անցնի Իրանով, այլ ոչ թե Հայաստանով»,-նշել է պարբերականը՝ ընդգծելով, որ Էրդողանի այս քայլը լուրջ ծուղակ է Իրանի համար, քանի որ նույնիսկ եթե «Զանգեզուրի միջանցքի» մի մասն անցնի Թեհրանի տարածքով և վերահսկվի նրա կողմից, այն, այնուամենայնիվ, երկարաժամկետ բացասական հետևանքներ կունենա։
Սակայն ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև պատերազմը մերձեցրեց Իրանին և Թուրքիային իրենց ընդհանուր թշնամու դեմ, որը Թել Ավիվն է, ինչի արդյունքում, մեր գնահատմամբ, Թեհրանը հանդուրժողականություն կցուցաբերի Անկարայի նկատմամբ «Զանգեզուրի միջանցքի» հարցում»,-հավելել է պարբերականը։
Ամփոփելով նշել են, որ միջազգային իրադարձությունների պատճառով Հայաստանն այս փուլում չի արժանանում միջազգային հանրության ուշադրությանը։
«Այսպիսով՝ Էրդողանն ու Ալիևը «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» զորավարժությունների միջոցով փորձում են ռազմական հզորություն ցուցադրել, որպեսզի համոզեն Երևանին ընդունել «Զանգեզուրի միջանցքը» բացելու իրենց պայմանները»,-եզրափակել են հոդվածում։
Հոկտեմբերի 17-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ադրբեջանը և Թուրքիան պլանավորել են հոկտեմբերի 23-25-ը մի քանի ուղղություններով համատեղ զորավարժություններ անցկացնել Բաքվում, Նախիջևանում և օկուպացված Արցախի տարածքում։