Փարիզը զինտեխնիկա է ուղարկում Երևանին՝ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման մտավախությունների ֆոնին, գրում է Politico-ն։ Հրատարակությունը նշում է, որ ֆրանսիական զենքի վաճառքի մասին հայտարարությունը հնչել է ընդամենը մեկ ամիս այն բանից հետո, երբ Ադրբեջանը հաղթանակ հռչակեց Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումից հետո, որն ստիպեց այնտեղ ապրող ավելի քան 100,000 էթնիկ հայերին լքել իրենց տները:
«Մտահոգությունը, ինչպես նշել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, թերևս այն է, որ սրանով Ադրբեջանի տարածաշրջանային նկրտումները չեն ավարտվում, և բոլոր հայացքներն այժմ ուղղված են «Զանգեզուրի միջանցքին», այն հողատարածքին, որն անցնում է Հայաստանի և Իրանի սահմանի երկայնքով: Վտանգն այն է, որ Բաքվի ԶՈւ ևս մեկ այլ քայլը կարող է ավելի լայն հակամարտություն հրահրել Հարավային Կովկասում, տարածաշրջանում, որտեղ Թուրքիան, Ռուսաստանը և Իրանն ունեն հիմնական ռազմավարական հետաքրքրություններ»,- ասվում է Politico-ի հոդվածում:
Ֆրանսիան՝ Եվրոպայում ամենամեծ հայկական սփյուռքն ունեցող երկիրը, հասկացրել է, որ մտադիր չէ կողքից հետևելու, հավելել է թերթը՝ մատնանշելով, որ Արևմուտքի քաղաքական աջակցությունն աճում է այն ժամանակ, երբ Հայաստանը փորձում է հեռանալ Ռուսաստանից: Աղբյուրը հիշեցնում է, որ սեպտեմբերի 13-ին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ Երևանն այլևս չի կարող ապավինել Մոսկվային՝ որպես իր անվտանգության երաշխավորի։
Հոդվածում նշվում է, որ Փարիզն սկսել է ուժեղացնել պաշտպանական համագործակցությունը Երևանի հետ 2022 թվականի սեպտեմբերին, սակայն ադրբեջանական հարձակումն արագացրել է ռազմական կապերը խորացնելու Ֆրանսիայի պատրաստակամությունը։ Սեպտեմբերին Փարիզը ռազմական կցորդ է ուղարկել Հայաստանի մայրաքաղաքում Ֆրանսիայի դեսպանատուն։
Հրապարակման մեջ նշվում է, որ Հայաստանը հոկտեմբերի 23-ին պայմանագիր է ստորագրել Thales-ի կողմից արտադրված երեք Ground Master 200 ռադարների գնման և մեկ այլ պայմանագիր Safran-ի հետ սարքավորումների, այդ թվում՝ հեռադիտակների և սենսորների համար: Հայաստանն ու Ֆրանսիան ստորագրել են նաև MBDA-ի կողմից արտադրված «Միստրալ» հակաօդային պաշտպանության փոքր հեռահարության համակարգի գնման գործընթացը սկսելու մտադրության արձանագրություն։
Politico-ն ընդգծում է, որ Ֆրանսիայի և Հայաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը կայացել է նույն օրը, երբ Ադրբեջանն սկսել է Թուրքիայի հետ համատեղ խոշոր զորավարժություններ Լեռնային Ղարաբաղում և Իրանի հետ սահմանի մոտ։
Հրապարակման համաձայն՝ Ֆրանսիայի ՊՆ ղեկավար Սեբաստյան Լեկորնուն ասել է, որ մոտ ապագայում Հայաստան կուղարկեն ֆրանսիացի զինվորականի՝ որպես պաշտպանության խորհրդատու՝ զինված ուժերի պատրաստման հարցերով։ Ֆրանսիան կպատրաստի հայ զինվորներին և կօգնի Երևանին փորձարկել Հայաստանի հակաօդային պաշտպանությունը՝ հայտնաբերելու «կույր գոտիները»։
Թերթը հիշեցրել է, որ հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրամիության խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ զրույցում Փարիզին մեղադրել էր լարվածություն հրահրելու մեջ։ Ալիևը կարծիք էր հայտնել, որ «Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենք մատակարարելը մոտեցում է, որը չի ծառայում խաղաղությանը, այլ ուղղված է նոր հակամարտություն հրահրելուն»։
«Ալիևը և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս մեղադրել են Ֆրանսիային «նեոգաղութատիրության» մեջ, և Բաքուն նույնիսկ աշխատանքային խումբ է ստեղծել, որի խնդիրն է «ամբողջովին վերացնել» այն, ինչ նա անվանում է Ֆրանսիայի կայսերական հավակնություններ», – նշվում է հոդվածում։
Լեկորնուն պատասխանել է Ֆրանսիայի հասցեին Ադրբեջանի մեղադրանքներին, թե ֆրանսիական զենքը կարող է օգտագործվել պատերազմ սկսելու համար։
«Սրանք սպառազինության համակարգեր են, որոնք իրենց բնույթով կարող են տեղակայվել Հայաստանի տարածքում միայն ագրեսիայի դեպքում։ Ոչ ոք չի կարող մեղադրել ինքնիշխան պետությանը՝ իր երկինքը և նրա տակ ապրող բնակչությանը պաշտպանելու համար»,- ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ղեկավարը։
Հոկտեմբերի 23-ին Լեկորնուն և ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավար Սուրեն Պապիկյանը ստորագրել էին երկկողմ համագործակցության փաստաթղթեր, որոնք ներառում են պաշտպանության ոլորտում փոխգործակցություն։ Ավելի ուշ Reuters-ը հայտնել էր, որ Հայաստանը Ֆրանսիայից կգնի երեք ռադիոտեղորոշիչ կայան։ Երևանն ու Փարիզը պայմանավորվել են նաև զենիթահրթիռային համակարգերի ապագա մատակարարման շուրջ։