ՌԴ-ն իրեն դաշնակցային ու գործընկերային չի դրսևորել, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱՀ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով ՀՀ-ում ՌԴ դեսպանին ԱԳՆ կանչելու մասին հարցին:
Սիմոնյանի խոսքով՝ Կոպերկինի հրավիրվելը ԱԳՆ կապված է ՌԴ ԱԳՆ հայտարարության, քարոզչությամբ զբաղվող հայտնի անձանց հայտարարությունների, հնչած վիրավորական արտահայտությունների հետ:
Իր հերթին ԱԺ նախագահը վիրավորական բան չի տեսնում ՌԴ ԱԳՆ ներկայացուցչին «քարտուղարուհի» անվանելու մեջ՝ նշելով, որ դա եղել է պատասխան տեղի ունեցողին:
«Ռուսական կողմն անում է բաներ, որոնք մեր հասարակության մեջ, որը բավականին փոքր, տեղեկացված ու ժողովրդավար է, հակառակ էֆֆեկտն է տալիս: Չգիտեմ նրանց խորհրդատուները ովքեր են, բայց նրանց գործողությունները ՀՀ-ում հակառակ արձագանքն են ունենում, թող երկու անգամ մտածեն հաջորդ անգամ նման բան անելուց»,- զգուշացրել է Սիմոնյանը:
Խոսելով «3+3»-ի մասին, խորհրդարանի ղեկավարն ասել է, որ դրան վերաբերում է որպես սկսնակ ձևաչափի և գնահատականներ չի ուզում տալ:
Սեպտեմբերի 5-ին Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի խոսքերը, որն «աբսուրդ» է անվանել Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից հետո Ղարաբաղում իրավիճակի փոփոխության մասին Զախարովայի հայտարարությունները։ «Կոպտության նմանությամբ այս հրապարակային հռետորաբանությունը չի զարդարում Հայաստանի քաղաքական գործիչներին», – ասաց նա:
Հոկտեմբերի 24-ին ՀՀ ԱԳՆ է կանչվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: ՀՀ ԱԳՆ հաղորդել է, որ դեսպանը կանչվել է 2023թ. հոկտեմբերի 23-ին «Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին վիրավորական և բացարձակապես անընդունելի արտահայտություններ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին: